Թրամփ. «Վստահ ենք, որ պատվաստանյութը կունենանք մինչև տարեվերջ»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մասնակցում է Fox News հեռուստաալիքի՝ կորոնավիրուսի դեմ պայքարի հարցերին նվիրված հաղորդմանը, Վաշինգտոն, 3-ը մայիսի, 2020թ.

Աշխարհի առաջնորդներն ու միջազգային դոնորներն այսօր նախատեսում են առնվազն 7.5 միլիարդ եվրո հանգանակել` նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելու համար: Դրամահավաքը կանցկացվի օնլայն, դրան կմասնակցեն եվրոպական մի շարք առաջատար երկրների ղեկավարներ, այդ թվում` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն ու Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն: «Մեր սերնդի պարտքն է կանխարգելել ու հաղթահարել այս համաճարակը, և մենք վստահ ենք, որ միասին կարող ենք հասնել այդ արդյունքին», - հայտարարել են նրանք մարաթոնի մեկնարկին հրապարակած բաց նամակում:

Ընդ որում, եվրոպացի առաջնորդները պնդում են` իրենց նպատակն է ոչ միայն նպաստել պատվաստանյութի ստեղծմանը, այլև երաշխավորել, որ այն հասանելի դառնա յուրաքանչյուրի համար: «Այս վիրուսը բոլորին է սպառնում, ուստի մեր խնդիրն է աշխատել ու համատեղել ջանքերը ողջ աշխարհով մեկ», - նախօրեին հայտարարել էր Եվրամիության առաջատար երկրի` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ընդգծելով` սա ոչ միայն համագործակցելու մի հնարավորություն է, այլև` անհրաժեշտություն:

«Գերմանիան էական ֆինանսական օժանդակություն կտրամադրի, ես չեմ ուզում նշել գումարի չափն այսօր, բայց կարող եմ հավաստիացնել, որ շատ ակտիվորեն ենք հետևելու զարգացումներին: Մենք վստահ ենք` համաճարակի դեմ պայքարում կարելի է հաջողել միայն միջազգային ու բազմակողմ ջանքերով», - ասել է Մերկելը:

Ակնկալվում է, որ եվրոպական առաջատար երկրներից բացի մարաթոնին կմասնակցեն նաև Սաուդյան Արաբիան, Ճապոնիան, Կանադան, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Համաշխարհային բանկն ու Բիլ Գեյթսի հիմնադրամը:

Միացյալ Նահանգները միջազգային այս նախաձեռնությանը չի միացել, սակայն տեղում առնվազն մեկ միլիարդ դոլար է հատկացրել երեք տարբեր ընկերությունների, որոնք արդեն իսկ մշակել են պատվաստանյութի սեփական տարբերակն ու սկսել կլինիկական փորձարկումները:

Մինչ օրս, որպես կանոն, վակցինաների մշակման ու արտադրության համար տարիներ, եթե ոչ տասնամյակներ էին պահանջվում, հիմա, սակայն տեխնոլոգիական առաջընթացի շնորհիվ, մասնագետները խոստանում են այդ ճանապարհն անցնել շատ ավելի արագ` մեկից-մեկուկես տարում:

Նախօրեին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը առավել լավատեսական կանխատեսում է արել. «Մենք մեծ համոզմունք ունենք, որ պատվաստանյութը կունենանք մինչև այս տարեվերջ»,- FOX-ի հետ զրույցում պնդել է Սպիտակ տան ղեկավարը: Միաժամանակ մասնագետներից ոչ բոլորն են իր հետ համակարծիք. «Բժիշկները հիմա ինձ կասեն` դու չպետք է նման բաներ ասես, բայց ես ասում եմ այն, ինչ մտածում եմ»,- պնդել է Թրամփը:

Ավելի վաղ` անցած շաբաթ, նա հայտարարել էր, թե օր առաջ պատվաստանյութը ստանալու համար Սպիտակ տունը հատուկ նախաձեռնություն է սկսել, որը կոչվում է «Օպերացիա գերարագություն»:

«Այդ գործողությունը ես անձամբ եմ առաջնորդում»,- հայտարարել էր ԱՄՆ նախագահը` մանրամասնելով` իրենց նպատակն է միավորել կառավարության ու մասնավոր սեկտորի ջանքերն ու մինչև այս տարեվերջ պատվաստանյութի շուրջ հարյուր միլիոն չափաբաժին ունենալ.- «Ես եմ այդ գործողությունն առաջնորդում, ես եմ գեներալը, այսպես ասած, ի վերջո, ես եմ թիվ մեկ պատասխանատուն, և ինձ են հետո մեղադրելու: Հիշեք, եթե մենք աննախադեպ արագությամբ պատվաստանյութ ստեղծենք, միևնույնն է` ինձ քննադատելու են, թե կարելի էր ավելի արագ անել: Բայց ասեմ` մենք շատ լավ, շատ լավ հնարավորություններ ունենք»:

Թրամփի այս ելույթից հետո խոստումնալից հայտարարություն էր արել ամերիկյան Pfizer- դեղագործական ընկերությունը: Ավելի քան 150 տարվա պատմություն ունեցող և այսօր համաշխարհային շուկայի առաջատարներից մեկը համարվող կազմակերպությունը պնդել էր` ստեղծել է պատվաստանյութ, որը բավական հուսադրող արդյունքներ է ցույց տվել կլինիկական փորձարկումների ժամանակ: Ըստ Pfizer-ի, եթե հետագա փորձերը ևս արդյունավետ լինեն, ընկերությունը պատրաստ է անցնել միլիոնների արտադրության:

Գյուտն առաջինն անելու մրցավազքին են միացել ողջ աշխարհի գիտնականները. այս պահին, ըստ «Ռոյթերի», տասնյակ երկրների, այդ թվում` Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Շվեյցարիայի ու Չինաստանի լաբորատորիաներում մշակվում են պատվաստանյութի ավելի քան յոթ տասնյակ տարբերակներ: