Սրճարաններում ոգևորություն է. պատրաստվում են գործի անցնել` զինված դիմավահաններով ու հեռախոսի ախտահանման սարքերով

Պրոֆեսոր Էլեոնորա Հայրապետյանը կարանտինի այս փուլում սրճարանային բացը լրացնում է ամենօրյա զբոսանքով, գեղեցիկ հագնվում է, ասես հենց սրճարան է գնում.- «Զբոսնում եմ այգում, նայում եմ ծաղիկներին, ամեն օր տեսության եմ գալիս այս կակաչներին` գեղեցիկ»:

Սրճարանների տնօրեն, մենեջեր, մատուցող, այս օրերին բոլորը ավլել-թափելով են զբաղված, ընդ որում ՝ հաճույքով, երկուշաբթիից կգործեն:

«Հոգնեցինք տանը նստելուց»,- սրճարանի ապակիները ջրով շփում է մատուցողուհի Արփինե Յաղուբյանը.- «Պետք է աշխատենք, որ պահենք մեր տները, որ տանը նստենք, ո՞վ պետք է մեզ պահի»:

Հարևան սրճարանի տնօրենը հատուկ տեխնիկայով է լվանում տարածքը, Արսեն Մանուկյանը կատակում է՝ առողջ մրցակցության շրջանակներում շուտով սարքը կփոխանցի կողքի սրճարաններին. թող բոլոր բացօթյաները բացվեն.- «Ո՞նց չենք ուզում բացվենք, ինչքա՞ն կարանք մնանք տանը: Մեծ պատասխանատվություն կա նաև մեզ վրա, մոտ 98 հոգի աշխատող ունենք, այդ աշխատողներին ո՞նց նստացնենք տանը»:

Պարետատնից առայժմ ցուցումներ չեն ստացել, թե հակահամաճարակային ինչ նորմերով են գործելու, բայց քանի որ մինչև արտակարգ դրություն հայտարարելը մի քիչ հասցրել էին աշխատել, ասում են՝ փորձ ունենք.- «Կքչացնենք, հեռավորությունը կմեծացնենք, նաև աշխատակազմի հետ կապված գրաֆիկն այն ձևով ենք դասավորել, որ նաև քիչ աշխատողներ աշխատեն»:

Ճիշտ է` քաղաքի եռուզեռը ամենևին էլ չի հուշում, որ երկրում սահմանափակումներ կան, բայց սրճարանատերերը չեն կարծում, որ հաճախորդների բում կլինի, քանի հանրային տրանսպորտը չի աշխատում:

«Հուսով ենք, որ այդ կանոններն այնքան խիստ չեն լինի, որ թույլ կտան, որ մենք աշխատենք»,- ասում է սրճարանի տնօրեն Գևորգ Մարկոսյանը:

Առողջապահական ու աշխատանքի տեսչական մարմնից տեղեկացանք` մայիսի 4-ից գործի անցնող տնտեսվարողների համար՝ սրճարաններ, գեղեցկության սրահներ, ատամնաբուժարաններ, նոր չափորոշիչներ են մշակվում՝ հենց այդ ոլորտների յուրահատկությունը հաշվի առնելով: Տեսչական մարմնի աշխատողների առողջության պահպանման և անվտանգության բաժնի պետ Ռաֆայել Հովհաննիսյանի խոսքով.- «Այժմ քննարկման փուլում է, թե տնտեսվարող սուբյեկտներն ինչ սահմանափակումների պետք է հետևեն, բոլոր գերատեսչությունները ներգրավված են պարետատան հետ քննարկումների մեջ, արդեն համապատասխան փաթեթով կներկայացվի»:

Առայժմ հանրային սննդի օբյեկտներն ինքնաբուխ են կողմնորոշվում: Գինետան մենեջեր Տաթևիկ Կարապետյանն ասաց՝ իրենք, օրինակ, արդեն պատվիրել են հեռախոսի ախտահանիչ սարքեր՝ հաճախորդների համար և էլի մի շարք հակահամաճարակային փոփոխություններ են անում.- «Դեռ հստակ պայմանները չենք ստացել, բայց մենք ինքնուրույն նախապատրաստվել ենք, դեռ որ մայիսի 4-ից գործելու է միայն դրսի սրահը, որը երկու կողմից ամբողջովին բաց է լինելու, նաև խտությունն ենք փոխելու սեղանների, ավելի հեռու-հեռու ենք դնելու, որպեսզի շփումը մարդկանց ավելի քիչ լինի: Մեր մատուցողների և այլ աշխատակիցների համար պատվիրել ենք պաշտպանիչ վահաններից»:

Շեֆ խոհարար Անդրանիկ Հակոբյանն էլ մաքրության գործին է, բայց տագնապներ ունի՝ կրակի հետ է աշխատում, դիմակը կարող է ամեն պահի բռնկվել.- «Անմիջապես գործ ունես, կրակի հետ ես աշխատում, սթեյքեր, բաներ, ինչը որ պատրաստում ես, ածուխի վրա է կազմակերպվում, պետք է հասկանալ, նոր մոտեցում է պետք»:

Երկուշաբթի օրվա համար բազմաթիվ սեղաններ արդեն պատվիրված են: Հակահամաճարակային կանոնների խախտում կամ կորոնավիրուսի վարակի որևէ դեպք, գործունեությունը կասեցվելու է: Առողջապահական ու աշխատանքի տեսչական մարմնից տեղեկացնում են՝ վերջին մեկ ամսում 95 տնտեսվարողի գործունեություն է ժամանակավոր կասեցվել: Հիմնական պատճառներն են.- «Սոցիալական հեռավորությունը, որ 2 մետր պետք է պահվի, աշխատակիցների ջերմաչափումը օրական 2 անգամ պետք է իրականացվի»,- նշում է ԱԱՏՄ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության բաժնի պետը:

Ռաֆայել Հովհաննիսյանն այսօր մշտադիտարկման էր սուպերմարկետներից մեկում. սոցիալական հեռավորություն չէին պաշտպանում ո՛չ գնորդները, ո՛չ էլ աշխատակիցները:

Պարետի պարտադիր պահանջներից է պահարաններով հանդերձարանը անձնական հագուստի և արտահագուստի համար։ Սուպերմարկետի նկուղում պահարաններ չկային, աշխատակիցները հագուստը փաթաթել էին պոլիէթիլենով, վրան` անունները: Պարզվեց` օրը երկու անգամ ջերմաչափման պահանջն էլ չի կատարվում.- «Մրգի բաժնում մի հոգի է հիմա ջերմաչափում ցույց տված, հասկանանք` մի հոգի է աշխատում, թե մի հոգի չի աշխատում»:

Մրգի բաժնից մեկ հոգի էր ջերմաչափվել, աշխատում էին յոթը: