Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) ստացել է Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպի նյութերը։ Այս մասին «Ազատությանը» հայտնեց ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը:
Այլ մանրամասներ ՀՔԾ-ն դեռ չի հաղորդում:
Ավելի վաղ գլխավոր դատախազը տեղեկացրել էր, որ քրեադատավարական գործընթացը սկսվել է, անձինք հաղորդումներ են տվել ոստիկանության բաժնում, նյութերը փոխանցվել են ՀՔԾ:
Երեկ ծեծկռտուք էր տեղի ունեցել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի միջև։ Դանիելյանը, հրապարակելով իր արյունոտ քթի լուսանկարը, պնդում էր, թե հարձակվողը Սիմոնյանն էր։ Ազգային ժողովի փոխնախագահն ավելի ուշ ֆեյսբուքյան ուղիղ եթերով պատմեց՝ Դանիելյանը սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել` ի պատասխան իր բարևին։