Մատչելիության հղումներ

Պատասխանատվության շունչը մոտենալիս ցանկացածն էլ պաշտպանական «միջոցներ» է ձեռնարկում. դատախազը` ծեծկռտուքի մասին


Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խորհրդարանում զրուցում է լրագրողների հետ, 30-ը ապրիլի, 2020թ.
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խորհրդարանում զրուցում է լրագրողների հետ, 30-ը ապրիլի, 2020թ.

Ազգային ժողովի (ԱԺ) փոխխոսնակ («Իմ քայլը») Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի միջև ծեծկռտուքի դեպքով հարուցված գործ դեռևս չկա, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ այսօր ասաց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

Հարցին՝ կարո՞ղ է արդյոք հարվածելու համար պատասխանատվության ենթարկվել ԱԺ փոխխոսնակը, պատասխանեց՝ կարծիք չի հնչեցնի՝ կոնկրետ դատավարական սուբյեկտներին չկաշկանդելու համար։ Դիտարկմանը՝ արդյո՞ք այսպիսի միջադեպերը երկրում քաոսային իրավիճակ ստեղծելու նպատակ ունեն, դատախազ Դավթյանը ուշագրավ պատասխան տվեց.- «Սադրանք կիրառելու մասին չեմ կարող ասել` ինչ նպատակներ, բայց դիտարկում ուղղակի կարող եմ անել, որ պատասխանատվության շունչը մոտենալիս ցանկացածն էլ պաշտպանական ինչ-որ «միջոցներ» է ձեռնարկում, և ձեզ մոտ այդպիսի տպավորություն ստեղծած իրադարձություններն իրենք կարող են լինել այդպիսի պաշտպանական պրոցեսների արդյունքներ»:

Երեկ ծեծկռտուք էր տեղի ունեցել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի միջև։ Դանիելյանը, հրապարակելով իր արյունոտ քթի լուսանկարը, պնդում էր, թե հարձակվողը Սիմոնյանն էր։ Ազգային ժողովի փոխնախագահն ավելի ուշ ֆեյսբուքյան ուղիղ եթերով պատմեց՝ Դանիելյանը սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել` ի պատասխան իր բարևին։

«Ալեն Սիմոնյանն ի պատասխան իրեն հնչեցված հայհոյանքի` գլխով ջարդել է դիմացինի քիթը, որից հետո ծեծկռտուք է սկսվել»,- նշեց պատգամավորը:

Գլխավոր դատախազից տեղեկանում ենք, որ քրեադատավարական գործընթացը սկսվել է, անձինք հաղորդումներ են տվել ոստիկանության բաժնում, նյութերը փոխանցվել են Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ)։ Այստեղից «Ազատությանը» հայտնեցին՝ նյութերը արդեն ստացել են, դեռ մանրամասներ չեն կարող հաղորդել:

Երեկ ուշ երեկոյան ԱԺ փոխխոսնակը նաև հայտարարեց, որ պատրաստ է պատասխանատվություն կրել երեկվա միջադեպի համար, եթե իրավապահ մարմիններն այդպես որոշեն։

Իշխանական ուժի բարձրաստիճան ներկայացուցիչը, որ այս պահին էլ «Նաիրի» բժշկական կենտրոնում բուժում է ստանում, այդուհանդերձ, ընդգծում է՝ դիմել է ինքնապաշտպանության.- «Եվ բնական է` ես իրավունք ունեմ ինքնապաշտպանվելու, և ես այդ իրավունքից օգտվել եմ և օգտվելու եմ: Ես պատրաստ եմ յուրաքանչյուր որոշման, որ իրավապահ մարմինները կկայացնեն»:

«Ադեկվադ»-ի ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը հրաժարվեց «Ազատության» հետ զրուցել դեպքի շուրջ։ Ավելի վաղ փաստաբանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Ալեն Սիմոնյանը իր ֆեյսբուքյան եթերից հետո պետք է հրաժարական տա ԱԺ փոխխոսնակի պաշտոնից, հակառակ դեպքում ինքնասիրական նկրտումները որևէ իրական հիմք և արժեք չունեն: Ինչ վերաբերում է բուն դեպքին, ապա այն իհարկե խեղաթյուրված է ներկայացվում»։

Ըստ փաստաբանի` անհերքելի է, որ առկա է դիտավորությամբ առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու փաստը։ Աթանեսյանը վստահ է՝ գլխավոր դատախազը պարտավոր է միջնորդել ԱԺ-ին, իսկ վերջինս՝ թույլատրել պատգամավոր Ալեն Սիմոնյանին ենթարկել քրեական պատասխանատվության։

Միջադեպը չպետք է դիտարկվի որպես առանձին դեպք, քանի որ այն հանրային սպառնալիքների, բռնության կոչերի, սեռական բնույթի հայհոյանքների, մարդու արժանապատվությունը ոտնահարող հայտարարությունների հետևանք է, նման կերպ իր կուսակցի հետ տեղի ունեցած միջադեպին այսօր արձագանքել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Նա հիշեցրեց` նախկինում ևս իրենց կուսակիցների, աջակիցների նկատմամբ այսպիսի ճնշումներ են գործադրվել` ընդգծելով՝ ամեն դեպքում բռնությունը չի կարող արդարացվել.- «Ես կարծում եմ, որ իրավապահ մարմիններն անում են, իհարկե, այն, ինչ անհրաժեշտ է, բայց եթե նրանց անհրաժեշտ է ավելի մեծ և ավելի արդյունավետ գործիքակազմ օրենքի շրջանակներում, իրենց լիազորությունների և իրավասությունների շրջանակներում օրենքի տառին հետևելով իրականացնել գործողություններ, ապա Ազգային ժողովն, իհարկե, պատրաստ է այդ առումով օժանդակելու»:

Երկու օր առաջ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ մեկ այլ միջադեպ էր տեղի ունեցել խորհրդարանում, այս անգամ գործը ծեծի չհասավ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար էդմոն Մարուքյանի հետ սահմանափակվեցին փոխադարձ վիրավորանքներով և հայհոյանքներով։ Ավելի ուշ Սիմոնյանը ներողություն խնդրեց ընդդիմադիր պատգամավոր Անի Սամսոնյանից վիրավորական խոսքերի համար։

Լրագրողները Մակունցից փորձեցին ճշտել՝ ինչո՞ւ է հենց Սիմոնյանը հայտնվում այսպիսի պատմությունների մեջ։

«Հատկապես վերջին օրենքներից մեկը, որը ընդունվեց` ապօրինի ձեռք բերված գույքի կապակցությամբ և դրան հետևած նաև Ալեն Սիմոնյանի հրապարակային ելույթները, կարծում եմ, անմիջականորեն կապված են տեղի ունեցածի հետ»,- ասաց Մակունցը:

Հարցին, թե ովքե՞ր են այս ամենի հետևում կանգնածները, նա պատասխանեց.- «Այն բոլոր մարդիկ, ովքեր ապօրինի գույք են ձեռք բերել»:

Ի դեպ, «Իմ քայլը» խմբակցությունում կարծում են, որ այս քայլերով պարզապես փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե երկրում հնարավոր է հանրային անվտանգության խնդիր առաջացնել՝ շտապելով ընդգծել՝ դրանով ոչնչի չեն հասնի։

XS
SM
MD
LG