«Կոմունալ վճարումների ճգնաժամի ավարտը». ընդլայնվում է փոխհատուցման ծրագիրը

«Կոմունալ վճարումների ճգնաժամի ավարտը», նման մեկնաբանությամբ վարչապետ Փաշինյանը քիչ առաջ հայտարարեց, որ ընդլայնվում է էլեկտրաէներգիայի, գազի և ջրի կոմունալ վճարումների փոխհատուցման ծրագիրը: Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշեց, որ կառավարությունը կօգնի այն սպառողներին, ովքեր ունեն 10 հազար դրամից մինչև 25 հազար դրամ էլեկտրաէներգիայի սպառում և 30 հազարից մինչև 40 հազար դրամ գազի սպառում:

«Մենք կփոխհատուցենք այս սպառողների ծախսի 30 տոկոսը: Եվ այս պարագայում մենք կունենանք 207 հազար 837 էլեկտրաէներգիայի բաժանորդ և 81 հազար 697 գազի բաժանորդ: 16-րդ միջոցառման երկրորդ կետով, ուրեմն ինչպես գիտեք, մեր երկրում կան չգազիֆիկացված գյուղեր, և նախորդ միջոցառումներում մենք աջակցություն ենք ցուցաբերել առանձին գազի համար և առանձին էլեկտրաէներգիայի համար, բայց կան գյուղեր, որոնք ընդհանրապես գազիֆիկացված չեն, հանրապետությունում այդպիսի 310 գյուղ կա, և մենք որոշել ենք, որ այս գյուղերի բնակիչների համար էլեկտրաէներգիայի ծախսը կփոխհատուցենք հիսուն տոկոսով, բացի այն նախորդ փոխհատուցումներից, այսինքն` այստեղ կստացվի, որ արդյունքում հանրագումարով էլի փետրվար ամսվա ծախսը մինչև ընդհուպ կարող է մինչև յոթանասուն տոկոս փոխհատուցվել:

Երրորդ կետն այս միջոցառման. այն բաժանորդները, որոնք մարտ ամսվա համար մինչև 3 հազար դրամ ջրի սպառում են ունեցել, այդ սպառողների ջրի վարձի հիսուն տոկոսը նույնպես մենք կփոխհատուցենք, այսինքն` աջակցություն կցուցաբերենք այդ մասով, իսկ այդ ծրագրի շահառուների թիվը 424 հազար 972 է: Հիմա ես ուզում եմ ներկայացնել, թե այս կոմունալների հետ կապված մենք ինչ պրոբլեմ ունեցանք և այսօր էլ ինչ պրոբլեմ ունենք»,- մանրամասնեց վարչապետը:

Այսօր ավելի վաղ գործադիրի նիստում հայտարարվեց, որ ստեղծվում է հազար ժամանակավոր աշխատատեղ` ծառատունկ իրականացնելու համար: Կառավարությունն ընդունեց աջակցության արդեն 15-րդ միջոցառումը։ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը մանրամասնեց՝ նախատեսում են Հայաստանի բարձրադիր գոտիներում` գետերի հովիտներում, ուռենու տեղական տեսակներով ափապաշտպան անտառաշերտի ստեղծում, աշխատանքում ներգրավելու են տեղացիներին։

«Մենք մտադիր ենք այս ծրագիրը դարձնել շարունակական, որը սեզոնայնություն ունի և կապված է ծառերի տնկման սեզոնի և պայմանների առկայության հետ»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ավելացնեմ, որ զուգահեռաբար նաև «Հայանտառի» ընթացիկ աշխատանքներում կներգրավվի այս պահին 450 սեզոնային աշխատող»,- տեղեկացրեց նախարար Գրիգորյանը:

Գործադիրի որոշմամբ ևս 36 հազար մարդ ներառվեց աջակցության 8-րդ միջոցառման շահառուների ցանկում. հիմա ծրագրից կարող են օգտվել նաև հագուստի, կոշիկի, կահույքի, թանկարժեք և ոչ թանկարժեք քարերից զարդերի արտադրության, մեքենաների նորոգման, օդային տրանսպորտի ոլորտների աշխատակիցները։ Փոփոխված ցանկում այլ բնագավառների աշխատակիցներ էլ կան:

«Կինոթատրոնների գործունեություն, լուսանկարչության բնագավառում գործունեություն, ավտոմեքենաների և այլ առարկաների վարձույթ, կրթական գործունեություն մշակույթի, երաժշտության, սպորտի, պարի բնագավառում, ստեղծագործական արվեստի և հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բնագավառում գործունեություն, լվացում, մաքրում և չոր մաքրում ծառայությունների մատուցում, պոլիգրաֆիկական գործունեություն, տպագրության ծառայություններ և 40-ից 99 տոկոս տեսակարար կշռով տուժած ոլորտներ»,- ներկայացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Նա տեղեկացրեց, որ 8-րդ միջոցառումից կարող են օգտվել նաև քաղաքացիաիրավական՝ հիմնական աշխատանքային պայմանագիր չունեցող քաղաքացիները։

Կառավարությունն այսօր փոփոխություն կատարեց նաև գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի փաթեթում։ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը տեղեկացրեց, որ պետությունն ավելի քան 3 անգամ ավելացնում է անասնաբուծության համար տրվող վարկերի սահմանաչափն ու կրկնապատկում ավանդական այգի հիմնելու համար տրվող վարկերի սահմանաչափը։

«Մայր գումարի վերադարձի համար կլինի 4 տարի արտոնյալ ժամկետ»,- նշեց նախարարը:

Հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում այս պահի դրությամբ բաշխվել է ավելի քան 54 մլրդ դրամ, 775 հազար անհատ է օգտվել այդ ծրագրերից: Վարչապետն ասաց, որ ամեն օր շահառուների թիվն ավելանում է.- «Ի հայտ են գալիս հազարավոր նոր մարդիկ, ովքեր այս ծրագրերից օգտվում են, և մենք հետևում ենք գործընթացին, աշխատում ենք, որպեսզի մեր աջակցությունը լինի մաքսիմալ հասցեական և արդյունավետ»:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն արձագանքեց վարչապետի ներկայացրած վիճակագրությանը.- «Օրակարգում կա նաև 14-րդ միջոցառման իմպլեմենտացման կարգը, և թվերի մեջ արդեն ևս առնվազն 4 հազար 100 ուսանող կարող ենք ավելացնել շահառու»:

Ավելի ուշ էլ մամուլի ասուլիսի ընթացքում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը տեղեկացրեց, որ միայն սոցիալական աջակցության 4-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ և 13-րդ ծրագերից 286 հազար քաղաքացի է օգտվել, նրանց ավելի քան 12 միլիարդ դրամ է փոխանցվել.- «Հիշում ենք նաև կոմունալ վճարների հետ կապված ծրագրերը, որոնք վերաբերում են ավելի լայն շրջանակների, այսինքն` իրենց թիվն այստեղ ներառված չէ»:

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց նաև Հայրենական մեծ պատերազմին մասնակցած վետերաններին պարգևավճար տրամադրելու որոշումը։ Շուրջ 280 վետերան 300 հազար դրամի պարգևավճար կստանա։

«Քանի որ այս տարի արդեն հայտնի արտակարգ դրությամբ պայմանավորված` մենք նաև հանրային միջոցառումներ չենք ունենալու, ուստի այս համեստ պարգևատրումը, կարծում ենք, ևս մեկ անգամ կհիշեցնի մեր վետերաններին, որ կառավարությունը ուշադրության կենտրոնում է պահում իրենց»,- նկատեց նախարար Բաթոյանը:

Պետությունը վետերանների պարգևատրումների համար 86 միլիարդ դրամ է հատկացրել։