Չեխիան աստիճանաբար թուլացնում է կարանտինի ռեժիմը

Բնակիչները սոցիալական հեռավորության սկզբունքով հերթ են կանգնել դեղատան մոտ, Պրահա, 15 ապրիլի, 2020թ.

Չեխիայի առողջապահության նախարարության ապրիլի 30-ի հաղորդագրության համաձայն, երկրում գրանցվել է նոր կորոնավիրուսի 7 հազար 579 դեպք, մահացել է 227 մարդ:

Թեպետ իրավիճակն ընդհանուր առմամբ կայունացել է, խորհրդարանի ստորին պալատն ապրիլի 28-ին վավերացրել է արտակարգ դրությունը մինչև մայիսի 17-ը երկարաձգելու կառավարության առաջարկը:

Իշխանությունները կազմել են կարանտինի ռեժիմն աստիճանաբար թուլացնելու ծրագիր:

Ապրիլի 27-ից վերաբացվել են մինչև 2500 քառակուսի մետր տարածքով խանութները, գրադարանները և ֆիթնես-կենտրոնները:

Ավելի մեծ խանութները, վարսավիրանոցները և գեղեցկության սրահները կվերաբացվեն մայիսի 11-ին, իսկ ռեստորանները, հյուրանոցները, թատրոնները և հանրային նշանակության այլ հիմնարկներ ու ծառայություններ կվերաբացվեն մայիսի 25-ին:

Սոցիալական հեռավորության և հանրային վայրերում դիմակներ կրելու պահանջը մնում է ուժի մեջ:

Որոշ սահմանափակումներով հանդերձ վերականգնվել է արտասահման մեկնելու հնարավորությունը: Իշխանություններն արտոնել են հանրային հավաքները, պայմանով, որ մասնակիցների թիվը չգերազանցի տասը: