Reuters լրատվական գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում, որի ընթացքում Սպիտակ տան պահանջով տեսագրություն չի արվել, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է՝ կորոնավիրուսի հարցում Չինաստանի կեցվածքը թույլ է տալիս ենթադրել, որ Պեկինն ամեն ինչ կանի նոյեմբերին իր վերընտրությունը խափանելու համար:
Թրամփն ասել է, թե քննարկում է համավարակի հարցում Չինաստանին պատասխանատվության ենթարկելու մի քանի տարբերակ:
«Ես շատ բաներ կարող եմ անել», - Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում ասել է ԱՄՆ ղեկավարը:
Նրա համոզմամբ՝ Չինաստանը մեղավոր է կորոնավիրուսի ծագման և տարածման մասին միջազգային հանրությանն ուշացումով տեղեկացնելու, վարակի վտանգավորության աստիճանի, մարդուց մարդուն փոխանցվելու մասին չզգուշացնելու համար:
ԱՄՆ-ում համավարակից մահացել է առնվազն 60 հազար մարդ, իսկ տնտեսությունը հայտնվել է խորը ճգնաժամի մեջ:
Այդ հանգամանքները կարող են խոչընդոտել Թրամփի հաղթանակը նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում:
«Չինաստանն ամեն ինչ կանի, որ ես պարտվեմ», - Reuters-ին ասել է Թրամփը:
Նա ենթադրում է, որ Չինաստանին ձեռնտու է Դեմոկրատական կուսակցության հավանական թեկնածու, նախկին փոխնախագահ Ջո Բայդենի հաղթանակը, քանի որ, ըստ Թրամփի, դա կթուլացնի առևտրի և այլ հարցերում Վաշինգտոնի կողմից Պեկինի վրա գործադրվող ճնշումը:
Այսօր Չինաստանը հայտարարել է, որ ամերիկյան ընտրություններին միջամտելու մտադրություն երբևէ չի ուեցել:
«Մենք հուսով ենք, որ Ամերիկայի ժողովուրդը չի ներքաշի մեր երկիրն ամերիկյան ընտրական գործընթացի մեջ»,- ասել է Չինաստանի ԱԳ նախարարության խոսնակ Ժեն Շուանը: