Մատչելիության հղումներ

Բրյուսելը Պեկինին, Թեհրանին և Մոսկվային մեղադրում է համաճարակի վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու մեջ


Ռուսաստան - Մոսկովյան հիվանդանոցներից մեկում բուժում են կորոնավիրուսով վարակվածներին, ապրիլ, 2020թ.
Ռուսաստան - Մոսկովյան հիվանդանոցներից մեկում բուժում են կորոնավիրուսով վարակվածներին, ապրիլ, 2020թ.

Եվրամիությունը Չինաստանին, Իրանին և Ռուսաստանին մեղադրում է համակարգված կերպով կորոնավիրուսի համաճարակի վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու մեջ: Այս մասին ասվում է Եվրամիության պաշտոնական ներքին փաստաթղթում, որի բովանդակությանը ծանոթացել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը:

Եվրամիության դիվանագիտական գերատեսչության հեղինակած 25-էջանոց փաստաթղթում Բրյուսելը նշում է, որ այդ երեք երկրներն առաջ են մղում նույն թեզը, երբ խոսքը վերաբերում է կորոնավիրուսի համաճարակի ծագմանը. Մոսկվայից, Թեհրանից և Պեկինից շտապում են տարածել պնդումը, թե իբր վարակը Միացյալ Նահանգներում ստեղծված կենսաբանական զենք է հակառակորդներին ոչնչացնելու նպատակով, դրան էլ հավելում՝ «մենք շատ ավելի արդյունավետ ենք գործում, քան Արևմուտքը»:

Բացի այդ, ինչպես նկատել են Եվրամիության փորձագետները, իրանական իշխանությունները, նաև ռուսաստանյան լրատվամիջոցները միաբերան կոչ են անում ԱՄՆ-ին չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցները, «քանի որ այդ սահմանափակումների պատճառով Թեհրանը չի կարողանում համարժեք պայքար մղել կորոնավիրուսի դեմ»:

Ռուսաստանի գլխավորած տեղեկատվական արշավի մասին եվրոպական դաշինքը խոսել էր դեռևս մարտին: Հատուկ զեկույցը փաստում էր, որ Կրեմլին մոտ կանգնած լրատվամիջոցները կորոնավիրուսի մասին ապատեղեկատվությամբ փորձում են խարխլել արևմտյան երկրներում հանրային վստահությունը, խուճապ առաջացնել, կասկածի տակ դնել եվրոպական առողջապահական համակարգը: Ընդ որում, ինչպես նկատել են զեկույցի հեղինակները, Ռուսաստանն այդ տեղեկատվությունը լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տարածում է հիմնական եվրոպական լեզուներով՝ անգլերեն, իսպաներեն, ֆրանսերեն և գերմաներեն:

Նոր զեկույցում արդեն Եվրամիության մասնագետները նշում են, որ չնայած վարակը լրջագույնս վտանգում է այդ երկրների հանրային առողջությունը, Ռուսաստանի պետական լրատվամիջոցները, մասամբ նաև՝ Չինաստանի, շարունակում են լայնորեն քարոզել դավադրական տեսություններ՝ ինչպես Եվրամիության, այնպես էլ հարևան երկրների լսարաններում: Նպատակը համաճարակին Եվրամիության արձագանքը թերագնահատելն է, ինչպես նաև կորոնավիրուսի վարակի ծագման հարցում խառնաշփոթ առաջացնելը:

Համաճարակի ծագման և տարածման հանգամանքների վերաբերյալ կասկածները միջազգային հանրության շրջանում օր-օրի խորանում են: Անցյալ շաբաթ Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել էր, որ Վաշինգտոնը մանրազնին հետաքննություն է սկսում՝ պարզելու, թե որքանով են հիմնավոր պնդումները, թե կորոնավիրուսը ոչ թե կենդանուց է մարդկանց փոխանցվել, այլ սկիզբ է առել Վուհանի բիոլաբորատիորիայում և տարածվել է մարդկային սխալի պատճառով:

Գերմանիան, իր հերթին, պարզաբանումներ է պահանջել Չինաստանի իշխանություններից:

Սպիտակ տունն արդեն խոսում է հնարավոր պատժամիջոցների մասին, Ավստրալիան հորդորում է անկախ հետաքննություն անցկացնել, Ֆրանսիան հայտարարել է, որ պատրաստ է այդ հարցով միջազգային կոալիցիայի մաս կազմել:

Պեկինը, Մոսկվան և Թեհրանը միաբերան պնդում են, թե կասկածի հիմքեր չկան:

XS
SM
MD
LG