Ռուսաստանի ատոմային պետական կորպորացիայի՝ «Ռոսատոմ»-ի ղեկավարը մտահոգություն է հայտնել, որ կորոնավիրուսը տարածվում է միջուկային արդյունաբերության երեք քաղաքներում, որոնցից մեկում գտնվում է գերգաղտնի լաբորատորիան:
«Ռոսատոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Լիխաչյովն ասել է, որ անհատական պաշտպանիչ միջոցներ և արհեստական շնչառության սարքեր են ուղարկվել Մոսկվայից արևելք ընկած փակ քաղաք Սարով և միջուկային արդյունաբերության այլ քաղաքներ, քանի որ այդ բնակավայրերում կորոնավիրուսի տասնյակ դեպքեր են արձանագրվել:
«Համավարակն ուղիղ սպառնալիք է ստեղծել մեր միջուկային քաղաքների համար: Սարովի, Էլեկտրոստալի, Դեսնոգորսկի իրավիճակն այսօր հատկապես տագնապալից է», - ասել է Լիխաչյովը Ռուսաստանի ատոմային ոլորտի աշխատակիցներին ուղղված իր առցանց ելույթում:
Նա ելույթ ունեցավ, երբ Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում արձանագրվեցին կորոնավիրուսի ամենաշատ դեպքերը: Ապրիլի 28-ի դրությամբ Ռուսաստանում կորոնավիրուսի ավելի քան 93 հազար 500 դեպք է արձանագրվել, մահացել է 867 մարդ:
Սարով քաղաքում գտնվող Էքսպերիմենտալ ֆիզիկայի ինստիտուտի 7 աշխատողների մոտ անցած շաբաթ կորոնավիրուս է հայտնաբերվել: Վիրուսը սկսել է տարածվել, երբ թոշակառու ամուսինները վերադարձել են ռուսաստանյան հանգստավայրից: Վիրուսի տարածումը կանխելու նպատակով Սարովում 100 մարդ է մեկուսացվել:
Սարով փակ քաղաքն այնքան գաղտնի է, որ մինչև Խորհրդային Միության փլուզվելը քարտեզի վրա չէր նշվում: