Կիմ Չեն Ունի առեղծվածային բացակայությունը

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունը նախագահում է Աշխատավորական կուսակցության Քաղբյուրոյի նիստը, Փհենյան, 11-ը ապրիլի, 2020թ.

Կորոնավիրուսից զատ միջազգային լրատվական գործակալությունների ուշադրության կենտրոնում է նաև կոմունիստական Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունի առեղծվածային անհետացումը:

Այս երկրից ընդհանրապես շատ քիչ է ստացվում որևէ ինֆորմացիա, և երբ վերնախավին առնչվող լուր է լինում, այն անմիջապես դառնում է ակտիվ քննարկումների թեմա:

Տվյալ պահին լուրը՝ հենց լուրի բացակայությունն է: Վերջին անգամ Հյուսիսային Կորեայի պետական հեռուստատեսությամբ ապրիլի 11-ին են հեռարձակել ռեպորտաժ իշխող Աշխատավորական կուսակցության Քաղբյուրոյի նիստի մասին, որը նախագահել է Կիմ Չեն Ունը:

2014 թվականին նա մեկ ամսով անհետացել էր: Այն ժամանակ էլ դա քննարկումների թեմա էր, փորձագետներից ոմանք նույնիսկ չէին բացառում պալատական հեղաշրջման վարկածը:

Մեկ ամիս անց հրապարակված առաջին ռեպորտաժի կադրերը վկայում էին, որ Կիմ Չեն Ունը կաղում է, այդպես հայտնի դարձավ, որ նա ինչ-ինչ առողջական խնդիրներ ունի:

Բայց ի՞նչ է կատարվում հիմա: Հարցը հրատապ է դարձել այն բանից հետո, երբ նա ապրիլի 15-ին ներկա չի եղել իր պապիի՝ Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության հիմնադիր նախագահ, համազգային կուռք ու գրեթե Աստված, հանգուցյալ Կիմ Իր Սենի ծննդյան օրվան նվիրված հանդիսավոր միջոցառումներին:

Հիշեցնենք, որ Կիմ Իր Սենի մահվանից հետո իշխանությունը ստանձնել է նրա որդին՝ Կիմ Չեն Իրը, որին անմիջապես հռչակել են մոլորակի մեծագույն առաջնորդ և հանճար ղեկավար:

Նրա մահվանից հետո էլ հանճարեղ, միակ և աստվածային առաջնորդ է դարձել Կիմ Իր Սենի թոռը, Կիմ Չեն Իրի որդի Կիմ Չեն Ունը:

Ինչպե՞ս է նա, որտե՞ղ է, արդյոք ո՞ղջ է: Անցած շաբաթ հարավկորեական առցանց մամուլը պնդել էր, որ Կիմ Չեն Ունն ապաքինվում է սրտի վիրահատությունից հետո:

Reuters-ի աղբյուրների համաձայն, Չինաստանից բժիշկների մի թիմ անցած շաբաթ մեկնել է Հյուսիսային Կորեա:

Հետախուզության ծառայությունների փոխանցմամբ, Կիմ Չեն Ունը Վոնսանում է, դա մայրաքաղաք Փհենյանից մոտ 220 կիլոմետր արևելք գտնվող առափնյա ավան է:

Ինչո՞ւ հենց Վոնսանում, որովհետև, ըստ արբանյակներից ստացված լուսանկարների, Վոնսանի կայարանում է Հյուսիսային Կորեայի գերագույն առաջնորդին սպասարկող հատուկ գնացքը:

Հարավային Կորեայի պաշտոնյաները գերադասում են չմեկնաբանել Կիմ Չեն Ունի թեման, նկատի տալով, որ ինչ-որ արտառոց ինֆորմացիա չունեն, իսկ ասեկոսեներից խուսափում են:

«Մենք սոսկ կարող ենք կրկնել, որ ոչինչ չունենք ասելու Կիմ Չեն Ունի առողջական խնդիրների վերաբերյալ շրջանառվող խոսակցությունների մասին: Հարավային Կորեայի ազգային անվտանգության խորհուրդը Հյուսիսային Կորեայի ներսում որևէ անսովոր զարգացում չի գրանցել, այս թեմայով ավելացնելու բան չունենք», - ասել է Հարավային Կորեայի Միավորման հարցերով նախարարության խոսնակ Չո Հյու Սիլը:

Եվ այնուամենայնիվ ի՞նչ զարգացումներ կլինեն, եթե լիդերը վախճանվի կամ չկարողանա աշխատել: Ահա ռուսաստանցի փորձագետ, «Կորեայի ռիսկերի գնահատման խումբ» անվամբ վերլուծական կենտրոնի տնօրեն Անդրեկ Լանկովի կարծիքը:

«Հյուսիսային Կորեայի գեներալները և գերագույն ղեկավարները չեն մղի պայքար իշխանության համար: Նրանք կընդունեն նոր լիդերին, ով, ամենայն հավանականությամբ, կլինի Կիմ Չեն Ունի ընտանիքից, առավել հավանական թեկնածուն նրա քույրն է՝ Կիմ Յո Չոնը», - ասել է Լանկովը:

Միաժամանակ ռուսաստանցի փորձագետը խորհուրդ է տալիս շտապ զարգացումներ չակնկալել և ընդհանրապես խուսափել վարկածներին չափազանց մեծ նշանակություն տալուց:

«Ես շատ թերահավատ եմ նրա մահվան մասին լուրերի հանդեպ, դատելով Հյուսիսային Կորեայի վերնախավի պահվածքից, նրանք չեն գործում այնպես, ինչպես կգործեին՝ եթե իմանային, որ ղեկավարը մահացել է կամ ուր որ է կմահանա», - ասել է փորձագետը: