Հարավային Կորեայի իշխանությունները հորդորում են երկրի քաղաքացիներին զգուշավորությամբ վերաբերվել Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չոն Ունի առողջական վիճակի մասին վերջին օրերին համաշխարհային մամուլում շրջանառվող տեղեկություններին:
Հարավային Կորեայի վերամիավորման հարցերով նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չո Հեյ-Սիլի խոսքով՝ պաշտոնական Սեուլը ուշի ուշով հետևում է թերակղզու հյուսիսային հատվածում տեղի ունեցող իրադարձություններին, և առայժմ նախկինի համեմատ որևէ էական փոփոխություններ նկատելի չեն:
«Մենք շարունակում ենք տեղեկություններ ստանալ Հյուսիսային Կորեայի ղեկավարի գտնվելու վայրի, նրան այդ վայրում պահող հանգամանքների վերաբերյալ: Դրանք, սակայն, առայժմ նախկիններից չեն տարբերվում: Այս պահի դրությամբ Հյուսիսային Կորեայի տարածքում որևէ անսովոր ակտիվություն չի նկատվում», - հայտարարել է Հարավային Կորեայի կառավարության ներկայացուցիչը:
Հյուսիսային Կորեայի առաջնորդի առողջական վիճակի մասին տեղեկություններն արևմտյան մամուլում սկսեցին ակտիվորեն շրջանառվել անցած շաբաթավերջին: Որոշ լրատվամիջոցների պնդմամբ՝ Կիմ Չոն Ունը ապրիլի 12-ին սրտի վիրահատության էր ենթարկվել և բուժման հետվիրահատական կուրս էր անցնում Փհենյանից դուրս գտնվող ամառանոցներից մեկում: