ԱՄՆ Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսին իր աջակցությունն է հայտնել Ջոզեֆ Բայդենին

ԱՄՆ Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսին` նոյեմբերի 3-ին կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ, իր աջակցությունն է հայտնել Դեմոկրատական կուսակցության ամենահավանական թեկնածու Ջոզեֆ Բայդենին:

«Ինձ համար մեծ պատիվ է Բայդենին աջակցությունը հայտնելը, քանի որ ես վստահ եմ` նա արտակարգ նախագահ կլինի: Բայդենը շատ լավ է պատկերացնում, թե ինչ է հարկավոր ձեռնարկել մի իրավիճակում, երբ մեր երկիրը կանգնած է «Մեծ ռեցեսիային» դեմ հանդիման», - հայտարարել է Փելոսին:

Այսպիսով, Դեմոկրատական կուսակցության անդամ հանդիսացող և դրան հարող բոլոր ազդեցիկ գործիչները իրենց աջակցությունն են հայտնել նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության ամենահավանական թեկնածու հանդիսացող Ջոզեֆ Բայդենին:

Վերջին մի քանի շաբաթներին նախկին փոխնախագահի թեկնածությանն իրենց աջակցությունն են հայտնել նրա նախկին մրցակիցներ` սենատորներ Բերնի Սանդերսը և Էլիզաբեթ Ուորենը, ինչպես նաև նախկին նախագահ Բարաք Օբաման և նախկին փոխնախագահ Ալ Գորը: