Միացյալ Նահանգների դեմոկրատական ներկուսակցական ընտրություններին մասնակցող թեկնածուները մեկը մյուսի հետևից լքում են ընտրարշավը: Պայքարից դուրս եկած հերթական թեկնածուն դարձավ Մասաչուսեթսից ընտրված սենատոր Էլիզաբեթ Ուորենը:
70-ամյա սենատորն ընտրարշավը դադարեցնելու որոշումը կայացրեց ամերիկյան 14 նահանգներում մարտի 3-ին կայացած ներկուսակցական ընտրություններից` այսպես կոչված «սուպերերեքշաբթիից» երկու օր անց: Ընդամենը մի քանի շաբաթ առաջ ընտրարշավի առաջատարներից մեկը համարվող Ուորենի համար «սուպերերեքշաբթին» վերածվեց իսկական մղձավանջի:
Մարտի 3-ին Ուորենը չկարողացավ որևէ նահանգում լուրջ հաջողության հասնել: Սենատորի համար ամենանվաստացուցիչը, այդուհանդերձ, հայրենի Մասաչուսեթսում կրած պարտությունն էր: Այստեղ Էլիզաբեթ Ուորենը զիջեց թե՛ Ջոզեֆ Բայդենին և թե՛ գաղափարապես իրեն ամենամոտ կանգնած թեկնածուին` Բերնի Սանդերսին:
Ու թեև մարտի սկզբին անցկացված հարցումներն արդեն իսկ վկայում էին, որ Ուորենի հաջողության շանսերը շատ մշուշոտ են, նա մինչև վերջին պահը վստահ էր, թե կկարողանա հաղթել ներկուսակցական ընտրություններում, ապա նաև պարտության կմատնի Դոնալդ Թրամփին:
«Ես ներգրավվել եմ այս ընտրարշավում, որովհետև հավատում եմ, որ Միացյալ Նահանգների լավագույն նախագահը կլինեմ», - հայտարարում էր սենատորն իր վերջին նախընտրական հանդիպումներից մեկի ժամանակ:
Ուորենի քարոզարշավի ամենահիշվող դրվագներից մեկն էլ Հարավային Կարոլինայի փրայմերիներից առաջ կայացած հեռուստատեսային դեբատներն էին, որոնց ընթացքում 70-ամյա սենատորը կոշտ քննադատության ենթարկեց Նյու Յորքի նախկին քաղաքապետ, միլիարդատեր Մայքլ Բլումբերգին` մասնավորաբար նրա ղեկավարած կառույցներում աշխատող կանանց հանդեպ կիրառվող շարունակական խտրականության համար:
Այսօր, սակայն, թե՛ Մայքլ Բլումբերգը և թե՛ Էլիզաբեթ Ուորենը լքել են ընտրարշավը, երկուսն էլ նույն` «սուպերերեքշաբթիի» ընթացքում կրած պարտության պատճառով:
Դեմոկրատական ներկուսակցական ընտրություններում այսուհետ պայքարը ծավալվելու է նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի և Վերմոնթից ընտրված սենատոր Բերնի Սանդերսի միջև: Փրայմերիների հաջորդ փուլը կկայանա ընդամենը չորս օրից` մարտի 10-ին: