Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է երեք միլիոնին, մահացել է ավելի քան երկու հարյուր հազար մարդ:
Վարակվածների մեծամասնությունը՝ շուրջ մեկ միլիոն մարդ, Միացյալ Նահանգներում է, որտեղ նաև զոհերի թիվն է ամենաշատը, քան որևէ այլ երկրում` շուրջ 55 հազար։
Մահացության և վարակակիրների ցուցանիշերով ԱՄՆ-ին հաջորդում է Իսպանիան՝ ավելի քան 226 հազար վարակակիր, շուրջ 23 հազար մահ: Անցած հանգստյան օրերին առաջին անգամ Իսպանիայում մանկահասակներին թույլատրվել է փողոց դուրս գալ:
«Ձեզ համար ամենևին դյուրին չէր, ներողություն ենք խնդրում», - դիմելով երկրի փոքրիկ քաղաքացիներին՝ հայտարարել է փոխվարչապետ Պաբլո Իգլեսիասը:
Ինչպես այստեղ, այնպես էլ հարևան Իտալիայում վերջին օրերին մահացության թվերի նվազում է արձանագրվել: Իտալիայում կորոնավիրուսի դեպքերի ընդհանուր թիվը կազմում է մոտ 197 հազար, մինչև օրս մահացել է ավելի քան 26 հազար մարդ: Վարչապետ Ջուզեպե Կոնտին հայտարարել է, որ մայիսի 4-ից Կառավարությունը կթուլացնի կարանտինային ռեժիմը։
Ֆրանսիան, որը նույնպես Եվրոպայում համաճարակից մեծապես տուժած երկրներից է, սահմանափակումների որոշակի թուլացում կսկսի մայիսի 11-ից։ Երկրում շուրջ 162 հազար վարակիր կա, մահացել է ավելի քան 22 հազար մարդ:
Գերմանիայում, թեև վարակակիրների թիվը բարձր է՝ ավելի քան 157 հազար, այդուհանդերձ մահվան ցուցանիշը այստեղ մի քանի անգամ ցածր է․ մահացել է շուրջ վեց հազար մարդ: Այսօրվանից Գերմանիայում հանրային տրանսպորտում և խանութներում պաշտպանիչ դիմակների կրումը պարտադիր է:
Վարակի բռնկման օջախ Չինաստանում անցած քսանչորս ժամվա ընթացքում արձանագրվել է ընդամենը երեք նոր դեպք, իսկ Ուհանում, որտեղ անցած տարվա դեկտեմբերին հայտնաբերվել էր նոր կորոնավիրուսի առաջին դեպքը, հիվանդանոցից դուրս է գրվել վերջին հիվանդը: Պեկինի տվյալներով, երկրում ընդհանուր առմամբ մոտ ութսուներեք հազար վարակակիր կա։
Կորոնավիրուսի ծագման հարցով Պեկինի և Վաշինգտոնի տարաձայնությունների պատճառով չեղարկվել է Մեծ քսանյակի երկրների առաջնորդների տեսակոնֆերանսը, որի հիմնական թեման պետք է լիներ կորոնավիրուսի դեմ պայքարը: Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը փոխարենը նախօրեին հեռախոսազրույց է ունեցել ֆրանսիացի պաշտոնակից Էմանյուել Մակրոնի հետ և քննարկել համաճարակի դեմ պայքարում դրական գործընթացները, աշխարհի երկրների տնտեսությունների վերաբացման ուղղությամբ առաջընթացը: Զրուցակիցները հույս են հայտնել, որ առաջիկայում թեման կքննարկվի նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրների հանդիպմանը:
Կորոնավիրուսի պատճառով արտակարգ ռեժիմ սահմանելու տարբերակը շրջանցած Շվեդիայի իշխանությունները պատժամիջոցներ են կիրառել մայրաքաղաք Ստոկհոլմի մի շարք սրճարանների և ռեստորանների նկատմամբ, որոնք խախտել են սոցիալական հեռավորության պայմանները: Որոշում է ընդունվել ժամանակավորապես փակել դրանք։ Մոտ տասը միլիոն բնակչություն ունեցող սկանդինավյան այս երկրում վարակվել է շուրջ 19 հազար մարդ, զոհվել են ավելի քան երկու հազար հոգի, այդուհանդերձ թագավորության կառավարությունը հրաժարվել է կոշտ սահմանափակումների դիմել վարակի տարածումը կանխելու համար:
Հնկաստանում, որտեղ մեկ միլիարդ երեք հարյուր միլիոն բնակիչներից վարակվել է ընդամենը քսանութ հազար հոգի եևմահացել մոտ 900-ը, իշխանությունները խստագույն միջոցների են դիմում համաճարակի տարածման դեմ: Երեքշաբաթյա կարանտինից հետո այժմ էլ ոստիկանությունը կորոնավիրուսի տեսքով հատուկ համազգեստներով շրջում է մայրաքաղաք Դելիի փողոցներով՝ ստիպելով մարդկանց վերադառնալ տուն: