Արդեն երրորդ եռամսյակում Հայաստանի տնտեսությունը կսկսի վերականգնվել. IMF

Համավարակով պայմանավորված հայաստանյան տնտեսության անկումը կավարտվի երկրորդ եռամսյակում, և երկրի տնտեսությունը կսկսի վերականգնվել արդեն այս տարվա երրորդ եռամսյակում՝ տարվա վերջ արագացնելով աճի տեմպը, այսօր «Ազատության» հետ զրույցում նման կարծիք հայտնեց Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) հայաստանյան ներկայացուցիչ Յուլյա Ուստյուգովան։

«Իրավիճակը խիստ անորոշ է, և ճգնաժամն իրապես յուրահատուկ է։ Մենք կանխատեսել ենք, որ 2020 թվականին [Հայաստանում] տնտեսական անկումը կկազմի 1,5 տոկոս։ Սա ընդհանուր առմամբ համահունչ է Հայաստանի իշխանությունների կանխատեսման հետ՝ -2 տոկոս։ Տեսնում ենք, որ համավարակը շատ կտրուկ, բայց նաև շատ կարճատև ներգործություն է ունենում Հայաստանի վրա, և կարծում ենք, որ տնտեսական շոկի պիկը ներկայում է՝ երկրորդ եռամսյակում։ Այնուհետև, սպասում ենք տնտեսության մեղմ վերականգնում արդեն այս տարվա երրորդ եռամսյակում ու տնտեսական ակտիվության արագացում չորրորդ եռամսյակում և գալիք տարի։ Նաև հույս ենք տածում, որ տնտեսությանն աջակցելու միջոցները, որ հայտարարել են Հայաստանի իշխանությունները, կօգնեն տնտեսական զարգացումներին։

Արդյունքում, սպասում ենք, որ այս տարի Հայաստանը կունենա 1,5 տոկոս տնտեսական անկում, սակայն գալիք տարի տնտեսությունը կաճի 4,8 տոկոսով։ Այնուամենայնիվ, այս կանխատեսման համար բազմաթիվ ռիսկեր կան, որոնք կարող են նվազեցնել թվերը», - ասաց IMF ներկայացուցիչը։

Ըստ Ուստյուգովայի, եթե համավարակի տարածումը շարունակվի, սահմանափակումները երկարեն, բնականաբար, բացասական ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա ավելի մեծ կլինի։

«Ինչպես ամենուր, համավարակի ավելի ծավալուն ու երկարատև տարածումը, և սահմանափակումների երկարաձգումը կարող են հանգեցնել տնտեսության ավելի խորը անկման, ինչը կհետաձգի հայաստանյան տնտեսության վերականգնումը։ Ուստի, շատ բան կախված է, թե ինչ է կատարվում տարածաշրջանում և ողջ աշխարհում, որովհետև արտաքին պահանջարկը շատ կարևոր է հայաստանյանի նման փոքր ու բաց տնտեսության համար: Այսինքն, աշխարհում ու տարածաշրջանում համավարակի ձգձգումը կարող է ավելի խորը բացասական ազդեցություն թողնել Հայաստանի տնտեսության վրա և հետաձգել վերականգնումը», - նշեց Յուլյա Ուստյուգովան։

Երկու օր առաջ կառավարության նիստում հայտարարվեց, որ իշխանությունները մտադիր են ավելի քան կես միլիարդ դոլար լրացուցիչ պարտք վերցնել այս տարի՝ համավարակով պայմանավորված տնտեսական հետևանքները չեզոքացնելու համար։ Էլ ավելի վաղ Արժույթի միջազգային հիմնադրամը հայտարարել էր, որ պատրաստ է Հայաստանին հատկացնել 280 միլիոն դոլար վարկ։ Յուլյա Ուստյուգովայի հետ այսօրվա զրույցից պարզ դարձավ, որ մինչև 2022 թվականի մայիս այդ գումարը կարող է հասնել 420 միլիոն դոլարի։

«Հնարավոր է մտաբերեք, որ շուրջ մեկ տարի առաջ՝ 2019-ի մայիսին Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրենների խորհուրդ հավանության արժանացրեց սթենդ-բայ ծրագիրը (stand-by arrangement), որը ձեռք էր բերվել Հայաստանի իշխանությունների հետ՝ երկրին ֆինանսական աջակցություն ապահովելու նպատակով, եթե կարիք լինի։ Անցած տարվա մայիսից շարունակաբար մշտադիտարկել ենք ծրագրի իրականացումը, վերանայել այն։ Երկու շաբաթ առաջ երկրորդ անգամ վերանայեցինք ծրագիրը, և Արժույթի միջազգային հիմնադրամի առանձնացրած 280 միլիոն դոլար վարկային միջոցներն այս մայիսի երկրորդ կեսից հասանելի կլինեն Հայաստանին, և երկիրը կարող է այդքան գումար պարտք վերցնել հիմնադրամից։

Այս գումարը բաղկացած է այն միջոցներից, որոնք մինչ օրս կուտակվել են Հայաստանի համար, բացի այդ Հայաստանի իշխանությունները դիմել են հիմնադրամին լրացուցիչ ֆինանսական օժանդակության համար, որը պետք է ծառայի տնտեսության աջակցության ծրագրերին և ուղղվի այս իրավիճակում անհրաժեշտ բժշկական ծախսերի իրականացմանը։ Այսպիսով, մայիսի երկրորդ կեսից 280 միլիոն դոլար հասանելի կլինի Հայաստանի համար։ Ծրագիրը կտևի մինչև 2022 թվականի մայիս, և այս տարվա մայիսից հետո՝ 280 միլիոն դոլարից զատ, Հայաստանի համար հասանելի կլինի ևս 140 միլիոն դոլար։ 280 միլիոնը կօգտագործվի բյուջետային ուղղակի աջակցության համար, և Հայաստանի կառավարությունը կարող է այս գումարն օգտագործել իր հայեցողությամբ` ֆինանսավորելու իր առաջնահերթությունները»։