Միջազգային ֆինանսական հեղինակավոր կառույցները, որ թեև հարավկովկասյան երեք երկրներում տնտեսական աճի դանդաղում կամ անկում է սպասվում, ինչպես ողջ աշխարհում, սակայն Վրաստանի ու Ադրբեջանի համեմատ Հայաստանն այս տարի ունենալու է ավելի հաջող տնտեսական հեռանկար։
Ասիական զարգացման բանկի՝ այս ապրիլին հրապարակած գնահատականի համաձայն, Հայաստանը տարին կփակի 2,2 տոկոս տնտեսական աճով, Ադրբեջանը՝ 0,5, իսկ Վրաստանը՝ 0 տոկոս։
Համաշխարհային բանկի կանխատեսումը ավելի համեստ է․ 2020-ին Հայաստանը կունենա 1,7 տոկոս տնտեսական աճ, Վրաստանը՝ 0,1 տոկոս աճ, այնինչ Ադրբեջանում անկում կգրանցվի՝ 0,2 տոկոս։
Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատականները ավելի խիստ են. հարավկովկասյան երեք պետություններում էլ տնտեսական անկում է սպասվում՝ Հայաստանում 1,5 տոկոս, Ադրբեջանում 2,2 տոկոս, իսկ Վրաստանում 4 տոկոս։
Ազգային ժողովի իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանի խոսքով, այս թվերը վկայում են, թե որքան արդյունավետ է Հայաստանի իշխանությունների վարած տնտեսական քաղաքականությունը․ - «Վրաստանի տնտեսությունը շատ ավելի մեծ կախվածություն ունի զբոսաշրջային հոսքերից, քան Հայաստանի տնտեսությունը։ Եվ այս համատեքստում պարզ է, որ քանի որ առնվազն ակնհայտ է, որ զբոսաշրջությունը լինելու է թերևս ամենախոցելի ոլորտներից մեկը։ Այս առումով Հայաստանը, մշակող արդյունաբերության ոլորտում արձանագրված առաջանցիկ տեմպերի շնորհիվ, որոշակիորեն տնտեսության կառուցվածքը փոխել էր, և ինչ-որ առումով նաև դիվերսիֆիկացվել էր։ Իսկ Ադրբեջանի պարագայում ակնհայտ այստեղ նավթի գների գործոնը կա»։
Հայաստանի այս տարվա պետբյուջեի համաձայն, 2020-ին երկիրը պետք է գրանցեր 4,9 տոկոս տնտեսական աճ։ Իշխանության ներկայացուցիչները թեև դեռ նոր թիվ չեն հրապարակել, սակայն նշել են, որ ընթացիկ տարվա տնտեսական ցուցանիշները էականորեն ցածր կլինեն նախատեսվածից։
Կենտրոնական բանկի՝ օրերս հրապարակած «Գնաճի հաշվետվություն» զեկույցի համաձայն, այս տարի Հայաստանը կփակի ընդամենը 0,7 տոկոս տնտեսական աճով։
Արտակ Մանուկյան․ - «Կներեք, բայց մի փոքր գուշակության է նմանվում, երբ որ առողջապահական խնդրի մասով լուծում չտված, մենք սկսում ենք կանխատեսում ներկայացնել, թե ինչ է լինելու արդյունքում։ Որովհետև առողջապահական խնդրի լուծումը նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կարևորվել է, և կախված դրա զարգացումներից՝ ինքը կարող է տարբեր սցենարներ ունենալ»։
Տնտեսագետ Հայկազ Ֆանյանի խոսքով, այն, որ հարավկովկասյան տնտեսություններից հայաստանյանն է առավել քիչ ազդվելու համաճարակից, բացատրվում է այն հանգամանքով, որ Ադրբեջանի պարագայում նավթի, իսկ Վրաստանի դեպքում զբոսաշրջության գործոնները էական նշանակություն ունեն այդ երկրների տնտեսությունների համար։
Ինչ վերաբերում է Հայաստանի տնտեսության այս տարվա հեռանկարին, Ֆանյանը անկում կանխատեսեց․ - «Իմ կանխատեսումները և սպասումները տնտեսության մասով ևս անկման ուղղությամբ են։ Կարծում եմ, կլինի ՀՆԱ-ի իրական ծավալի անկում 2019 թվականի համեմատ՝ ամենայն հավանականությամբ մինչև 3 տոկոսի սահմաններում»։
Հարցին, թե ինչով է դա պայմանավորված, Ֆանյանը պատասխանեց․ - «Տեսեք, մինչև ապրիլի 15-ը արտակարգ դրության ռեժիմում մենք ակնկալում էինք, որ զրոյական կամ թեթև տնտեսական աճ կարձանագրվի։ Սակայն, եթե հաշվի առնենք, որ այդ սահմանափակումները երկարացվեցին և, ըստ պաշտոնական տվյալների, մինչև մայիս կտևի, եթե նույնիսկ նախատեսենք, որ աստիճանական մեղմացում մինչև մայիսի 14-ը, ամեն դեպքում պետք է հաշվի առնել, որ դրա հետևանքով տնտեսությունում անկում կարձանագրվի»։