Նյու Յորքի նահանգում կորոնավիրուսի հակամարմինների ստուգում են անցկացրել

Բժիշկները կորոնավիրուսով ախտահարվածին փոխադրում են Բրուքլինի շրջանի հիվանդանոց, Նյու Յորք, արխիվ 14-ը ապրիլի, 2020թ.

Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն ասել է, որ նոր կորոնավիրուսի դեմ հակամարմինների առկայությունը պարզելու նպատակով 3 հազար բնակիչների շրջանում ստուգումներ են անցկացվել:

Հիմնականում ընտրվել են խանութների հաճախորդներ, քանի որ նրանք ավելի են ենթակա վարակվելուն տներում մնացողների համեմատությամբ:

«Ստուգումների ենթարկվածներից 13,9 տոկոսի մոտ դրական պատասխան է ստացվել, դա նշանակում է, որ այդ մարդիկ ժամանակին վարակվել են, բայց չեն հիվանդացել, քանի որ օրգանիզմը հակամարմիններ է արտադրել վիրուսի դեմ»,- ասել է նահանգապետը:

Նրա փոխանցմամբ, եթե այդ հաշվարկը կիրառվեր նահանգի ամբողջ բնակչության նկատմամբ, կստացվի, որ մոտ 2 միլիոն 700 հազար մարդ կարող էր վարակվել, սակայն առանց էական անհանգստության:

Այդ մարդիկ նաև վարակը փոխանցել են, բայց նույնիսկ չեն իմացել դրա մասին:

Նա ասել է, որ նահանգում մահացել է 15,5 հազար մարդ, եթե կիրառվի այդ հաշվարկը, կստացվի, որ նոր կորոնավիրուսից մահացությունը կես տոկոս է կազմում, ինչն անհամեմատ ավելի քիչ է նախնական ենթադրությունների համեմատությամբ:

Միաժամանակ նահանգապետ Կուոմոն ընդգծել է, որ խոսքը նախնական եզրակացության մասին է, և ստուգումները պետք է շարունակել: