Թուրքիայի խորհրդարանի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը առաջարկել է Հայոց ցեղասպանության հարցը ուսումնասիրության առարկա դարձնել թուրքական մեջլիսում։
Խորհրդարանի նախագահությանը ներկայացված առաջարկում նա պահանջել է «քննել 1915 թվականին հայ ժողովրդի վերապրած Մեծ եղեռնը, բացահայտել պատասխանատուներին և կազմակերպիչներին, առերեսվել անցյալին և վերականգնել ուշացած արդարությունը»:
«1915 թվականի ապրիլի 24-ին 250 հայ քաղաքական գործիչ, մտավորական, լրագրողներ ձերբակալվեցին և քշվելով դեպի Չանքըրը ու Այաշ, սպանվեցին: Այդ օրը ողջ աշխարհում ընդունվել է որպես Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային ոչնչացման պատճառ դարձած Հայոց ցեղասպանության սկիզբը», - ասված է հայցադիմումի մեջ:
Փայլանը շեշտել է, որ հայ ժողովրդի վերապրած ողբերգությունը բազմաթիվ երկրների խորհրդարանների օրակարգում է եղել և ճանաչվել իբրև ցեղասպանություն: Այնինչ թուրքական խորհրդարանում մինչ օրս այս հարցը չի քննարկվել:
Հայազգի պատգամավորը համոզմունք է հայտնել, որ արդարության հաստատման միակ տեղը Թուրքիայի մեջլիսն է:
Փայլանը այսօր իր թվիթերյան էջում նաև գրել է. «Հարգանքով ոգեկոչում եմ Հայոց ցեղասպանության զոհերին։ Հայ ժողովուրդը 105 տարի է արդարության է սպասում»: