Եվրամիության դիվանագիտական գերատեսչության հեղինակած 25 էջանոց փաստաթղթում նշվում է, որ Ռուսաստանը, Իրանը և Չինաստանը առաջ են մղում նույն թեզը, երբ խոսքը վերաբերում է կորոնավիրուսի ծագմանը։
Մոսկվայից, Թեհրանից և Պեկինից շտապում են տարածել պնդումը, վարակն իբր հակառակորդներին ոչնչացնելու նպատակով Միացյալ Նահանգներում ստեղծված կենսաբանական զենք է։
Բացի այդ, ինչպես նկատում են Եվրամիության փորձագետները, Իրանի իշխանությունները, նաև ռուսաստանյան լրատվամիջոցները միաբերան կոչ են անում Վաշինգտոնին չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցները, քանի որ դրանց պատճառով Թեհրանը չի կարողանում համարժեք պայքար մղել կորոնավիրուսի դեմ։
Ռուսաստանի գլխավորած տեղեկատվական արշավի մասին եվրոպական դաշինքը խոսել էր դեռևս մարտ ամսին։ Հատուկ զեկույցը փաստում էր, որ Կրեմլին մոտ կանգնած լրատվամիջոցները կորոնավիրուսի մասին ապատեղեկատվությամբ փորձում են խարխլել արևմտյան երկրներում հանրային վստահությունը, խուճապ առաջացնել, կասկածի տակ դնել եվրոպական առողջապահական համակարգը։
Ընդ որում, ինչպես նկատել են զեկույցի հեղինակները, Ռուսաստանն այդ տեղեկատվությունը լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տարածում է հիմնականում եվրոպական լեզուներով։
Նոր զեկույցում արդեն Եվրամիության մասնագետները նշում են, որ չնայած վարակը լրջորեն վտանգում է այդ երկրների հանրային առողջությունը, Ռուսաստանի պետական լրատվամիջոցները, մասամբ նաև Չինաստանը շարունակում են լայնորեն քարոզել դավադրական տեսություններ ինչպես ԵՄ երկրների, այլնպես էլ հարևան երկրների լրասարանների համար։ Այդ ամենի նպատակը համաճարակին Եվրամիության արձագանքը թերագնահատելն է, ինչպես նաև կորոնավիրուսի ծագման հարցում խառնաշփոթ առաջացնելը։
Համաճարակի ծագման և տարածման հանգամանքների վերաբերյալ կասկածները միջազգային հանրության շրջանում օր-օրի խորանում են։ Անցյալ շաբաթ Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել էր, որ Վաշինգտոնը մանրազնին հետաքննություն է սկսում՝ պարզելու, թե որքանով են հիմնավոր պնդումները, որ կորոնավիրուսը ոչ թե կենդանուց է մարդկանց փոխանցվել, այլ սկիզվ է առել Ուհանի բիոլաբորատորիայում և տարածվել է մարդկային սխալի պատճառով։
Գերմանիան նույնպես պարզաբանումներ է պահանջել Չինաստանի իշխանություններից, Սպիտակ տունն արդեն խոսում է հնարավոր պատճամիջոցների մասին, Ավստրալիան հորդորում է անկախ հետաքննություն անցկացնել, իսկ Ֆրանսիան հայտարարել է, որ պատրաստ է այդ հարցով միջազգային կոալիցիայի մաս կազմել։
Պեկինը, Մոսկվան և Թեհրանը միաբերան պնդում են, թե կասկածի հիմքեր չկան։