Կապի հայաստանյան խոշորագույն օպերատորներից «Յուքոմ» (Ucom) ընկերության նորանշանակ տնօրեն Արա Խաչատրյանը վերստին միավորվելու խնդրանք-կոչով դիմել է ընկերությունը լքած 800-ից ավելի աշխատակիցներին ու նշել, որ ցանկություն ունի հանդիպել բոլորին՝ քննարկելու խնդիրներն ու հարցերը:
2019 թվականից «Յուքոմ»-ի տնօրենների խորհրդի անդամ, այժմ արդեն՝ տնօրեն Խաչատրյանն իր տեսաուղերձում նշում է, որ ընկերությունը երեք մարտահրավեր ունի՝ ներքին խնդիրների հնարավորինս անցավ հաղթահարումը, COVID-19-ով պայմանավորված խնդիրները, որոնք լուծման կարիք ունեն, և ընկերության զարգացման ու մեծացման ծրագրերը:
«Խնդրում եմ և կոչ եմ անում բոլորին՝ նորից միավորվելու, որպեսզի «Յուքոմ»-ը է՛լ ավելի արդյունավետ, հզոր և հպարտ կազմակերպություն սարքենք: Հայկը, Ալիկը և շատ մարդիկ, ովքեր աշխատում են այս կազմակերպությունում, իմ ընկերներն են, և իրենց արված աշխատանքը այսօրվա «Յուքոմ»-ի կայացման մեջ անգնահատելի է: Բայց մենք դեռևս մեծ աշխատանք ունենք անելու: Ես կիսում եմ այն միտքը, որ «Յուքոմ»-ը դա դուք եք: Այո, «Յուքոմ»-ը իրա թիմն է՝ բոլորը իրար հետ վերցրած և ամեն մեկը առանձին-առանձին: Մեծ պատրաստակամություն ու ցանկություն ունեմ հանդիպելու բոլորիդ հետ՝ քննարկելու խնդիրները և հարցերը բաց, որպեսզի այդ քննարկումների մեջ գտնենք ամենաճիշտ և ամենաարդյունավետ տարբերակը առաջ գնալու: Հարգելու եմ, ընդունելու եմ բոլորիդ որոշումները», - հայտարարում է Արա Խաչատրյանը:
Երկու շաբաթ առաջ, երբ «Յուքոմ»ի հիմնադիր և ընկերության մոտ 6 տոկոսի բաժնետերեր Հայկ և Ալեքսանդր Եսայան եղբայրներն ընկերությունից դուրս գալու դիմում գրեցին, ի համերաշխություն նրանց հետ ու ի նշան բողոքի՝ նրանց հետևեցին ընկերության 800-ից ավելի աշխատակիցներ:
Հեռախոսակապի և ինտերնետի օպերատոր «Յուքոմ»-ը ցանկանում է գնել մեկ այլ օպերատորի՝ «Բիլայն»-ի բաժնետոմսերի ամբողջական փաթեթը: Հակասություններն ընկերության ղեկավար մարմնում առաջացել էին հենց այս՝ դեռ տեղի չունեցած գործարքի պատճառով: «Յուքոմ»-ի գործադիր տնօրեն Հայկ Եսայանն ու նրա եղբայր Ալեքսանդր Եսայանն, ըստ ամենայնի, չեն համաձայնել իրենց բաժնեմասի նվազեցմանը, ինչը տեղի կունենար միավորման համար բաժնետերերի կատարելիք ներդրումների արդյունքում: Եսայանը չի համաձայնել նաև գործադիր տնօրենի փոփոխությանը։
«Յուքոմ»-ի շուրջ 76 տոկոս բաժնեմասը պատկանում է Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի հարազատներին:
«Ազատության» կիրակնօրյա ծրագրի շրջանակում «Յուքոմ»-ի հիմնադիր Հայկ Եսայանը, անդրադառնալով նորանշանակ տնօրենին, նշել էր, թե չի պատկերացնում, որ IT ընկերության ղեկը կարող է ստանձնել միայն ֆինանսական կրթություն ունեցող մարդը:
«Մենք, ինչի՞ այս ամեն ինչը առաջացավ, ինչո՞ւ ես դիմում գրեցի՝ որովհետև մենք հասկացանք, որ մեզ ուղղակի ուզում են բաժնեմասը փոքրացնեն, այսինքն՝ ֆինանսական գործիքների օգտագործումով, կապիտալ ներգրավել, որտեղ մեր 6 տոկոս բաժնեմասը, օրինակ, կդառնա 3, 2 կամ 1, և հանել մենեջմենթից, այսինքն՝ ղեկը ընկերության հանձնել այլ մարդկանց և շարունակել: Ճիշտն ասած՝ էդ ամեն ինչը եթե լիներ ուղիղ և հստակ, որ «չենք ուզում այլևս դու ղեկավարես», այլ ոչ թե հետևում լիներ էդ խոսակցությունները, և հետո մենք կողքից իմանայինք դրա մասին, կարծում եմ՝ սենց չէր լինի», - «Ազատությանը» ասել էր Հայկ Եսայանը:
«Ես՝ Ալեքսանդրի հետ, մտածում ենք՝ միգուցե այլ ընկերություններ գնել, միգուցե նորը ստեղծել: Մենք ֆինանսի խնդիրը լուծել էինք՝ ընկերության 94 տոկոս բաժնեմաս ձեռք բերելու: Երևի ֆինանսական տեսանկյունից ավելի հեշտ է նորը սկսել, արագ սկսել ու անել, որովհետև էն մտքերը ու էն գաղափարները ու էն փորձը, պրակտիկորեն որ ունենք, դա շատ կարևոր է», - ընդգծել էր Եսայանը: