«Գլորիա»-ի տնօրենը պնդում է, որ ապրիլի 20-ին էլեկտրոնային նամակով աշխատանքը վերսկսելու հայտ է ներկայացրել նախարարին

Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի տնօրեն Բագրատ Դարբինյան

Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկան այսօր դարձյալ փակ էր երեկ տեղի ունեցած իրադարձություններից հետո։

Վաղ առավոտյան ոստիկանները հսկել են ֆաբրիկայի բոլոր մուտքերը։ Աշխատողներն «Ազատությանը» հայտնեցին նաև, որ տնօրինությունից աշխատանքի գնալու հրահանգ չեն ստացել։

Երեկ վաղ առավոտից մոտ 2000 աշխատակից ունեցող ֆաբրիկան մեկամսյա հարկադիր պարապուրդից հետո վերսկսեց աշխատանքը։

Ոստիկանները աշխատակիցների մի մասի, այդ թվում սեփականատիրոջ նկատմամբ տուգանքի արձանագրություն կազմեցին պարետի որոշումը խախտելու համար և պահանջեցին լքել աշխատատեղերը։ Սա մեծ դժգոհություն առաջացրեց ֆաբրիկայում։ Աշխատակիցներն ասում էին, որ առանց աշխատավարձի և պետության աջակցության այլևս ի վիճակի չեն նստել տանը։

Ֆաբրիկայի աշխատակիցները նշում էին նաև, որ առաջնորդվել են վարչապետի՝ մի քանի օր առաջ արած հայտարարությամբ, որով երկրի ղեկավարը չէր բացառել ապրիլի 20-ից տեքստիլ արտադրությունը վերսկսելու հնարավորությունը։

Այսօր Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն անդրադարձավ երեկ ֆաբրիկայում տեղի ունեցածին՝ հիշեցնելով վարչապետի հայտարարությունները տեքստիլ արդյունաբերությունը վերագործարկելու մասին․ - «Էն որ ժողովրդի ասած ասում ա՝ կարկուտը ծեծած տեղն ա ծեծում, էդ պատմությունն ա։ Ժողովուրդ ջան, հիմա էս ի՞նչ քաոս ա։ Կա՛մ որոշեք, ասեք չենք աշխատում, չեն աշխատում, կա՛մ ասեք աշխատում են, իմանանք աշխատում են։ Վերջին հաշվով, խոսքը գնում ա 2600 մարդու մասին, էդքան ընտանիք, հացի փող աշխատող մարդկանց մասին ա խոսքը գնում։ Եթե չեք թողնում աշխատեն, կամ աջակցեք հասցեական, փող տվեք էդ մարդկանց, կամ հայտարարեք, որ թողնում եք աշխատեն, թողեք աշխատեն։ Մի գնացեք տուգանեք էդ մարդկանց»։

Պատգամավորը Կառավարությանը կոչ արեց չեղարկել երեկ կազմված վարչական արձանագրություններն ու չտուգանել մարդկանց։ Մարուքյանը նշեց, որ տուգանվել են քաղաքացիներ, որոնք այս ընթացքում, ըստ էության, պետական որևէ աջակցություն չեն ստացել։

Երեկ «Գլորիայի» կարող բանվորները ևս շեշտում էին, որ Կառավարության պետական աջակցության 14 ծրագրերից որևէ մեկը իրենց չի վերաբերել։

Այսօր Էկոնոմիկայի նախարարության նախարարի խոսնակ Աննա Օհանյանը, ի պատասխան լրագրողների հարցերին, ասաց, որ նախարար Տիգրան Խաչատրյանը մի քանի օր առաջ հանդիպել է թեթև արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների հետ, որոնք միակարծիք են եղել, որ Կառավարությունն այս ոլորտի ձեռնարկությունների վերաբացման հարցում պետք է դրսևորի անհատական մոտեցում։

Ըստ մամուլի խոսնակի, համաձայնության են եկել, որ գործարարները կարող են գործունեությունը վերսկսելու պատրաստակամության մասին տեղեկացնել պարետատանը՝ եթե կարող են կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու հարցում առավելագույնս ապահովել աշխատակիցների անվտանգությունը, ունենան հանձնառություն և այդ մասին համապատասխան հայտարարություն անեն։

«Դեռևս չեն ստացվել նմանատիպ դիմումներ՝ թույլատրելու այս կամ այն թեթև արդյունաբերական ձեռնարկությունը, և ընդհանուր ոլորտի գործունեությունը ևս ամբողջովին թույլատրված չէ այս պահին», - հավելեց խոսնակը։

Մինչդեռ, «Գլորիայի» ղեկավարն «Ազատությանը» տրամադրել է ապրիլի 20-ին Էկոնոմիկայի նախարարին ուղղված իր էլեկտրոնային նամակը, որտեղ, մասնավորապես, նշել է․ - «Ըստ նախարարությունում ձեռքբերված համաձայնության, Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկան ներկայացնում է աշխատանքը վերսկսելու հայտ»։

Բագրատ Դարբինյանը Կառավարություն ուղարկված նամակում պարտավորվել է «պահպանել համաճարակի կանխանգելիչ բոլոր միջոցառումները»։ Սակայն նույն Դարբինյանը երեկ «Ազատությանը» ասել էր, որ պարետատան պահանջներից մի քանիսը հնարավոր չի լինի ապահովել․ - «Միակ խնդիրը տարածությունն ա․ մեկ ու կես մետր ա մեր մոտ, պահանջվում ա երկու մետր։ Բայց դա էլ ա մի քիչ աբսուրդ, որովհետև բոլոր դեպքերում ավտոբուսով են գալու կամ երթուղային տաքսիով՝ իրար կողք նստած»։

2600 աշխատակիցներին ամսական ավելի քան կես միլիոն դոլարի չափ աշխատավարձ վճարող գործարարը մեկ շաբաթ առաջ էլ «Ազատությանն» ասել էր, որ չի կարող վճարել հարկադիր պարապուրդի դիմաց։ Ընդ որում, Հայաստանի օրենսդրությունը գործատուին չի պարտավորեցնում աշխատավարձ վճարել, եթե հարկադիր պարապուրդը առաջացել է անհաղթահարելի ուժ համարվող պատճառներով։

Դաբինյանը մտավախություն ունի, որ երկարատև պարապուրդի դեպքում կկորցնի նաև եվրոպացի պատվիրատուներին։