Այսօր Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվածության 72 դեպք, մահվան դեպք չի գրանցվել, առողջացել է 24 մարդ։
Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում հաստատվել է կորոնավիրուսով վարակվածության 47 դեպք։ 150 վարդենիսաբնակներ մեկուսացվել են մայրաքաղաքի տարբեր հյուրանոցներում, կան նաև ինքնամեկուսացածներ։
Պարետի որոշմամբ այսօր վաղ առավոտից փակվել է Վարդենիսի ելումուտը, այս ռեժիմը կտևի մինչև ապրիլի 28-ը։ Մարզպետ Գնել Սանոսյանն «Ազատությանն» ասաց, որ պարետի որոշմամն, Վարդենիս կարող են մուտք գործել միայն վարդենիսցիներն ու որոշ ապրանքատեսակների մատակարարում իրականացնողները և այն քաղաքացիները, որոնք մարզպետարանի ներկայացուցչի կողմից կնքված թուղթ կունենան՝ բացատրությամբ, թե ուր են գնում և ինչու։
Արձանագրված 47 դեպքից 12-ը Վարդենիսի հիվանդանոցի աշխատակիցներ են, որոնցից միայն մեկն է բժիշկ։ Պոլիկլինիկայում արձանագրված 9 դեպքից երկուսն են բժիշկ։ Դադարեցված է Վարդենիսի պոլիկլինիկայի աշխատանքը, հիվանդանոցը գործում է մասնակի։ Ամբողջ թափով աշխատում է, սակայն, գործում է շտապ օգնության ծառայությունը։
Վարդենիսի առաջին վարակակիրը բժիշկ է, բայց դեռ պարզ չէ, թե նա ումից է վարակվել։
Այս տեղեկություններն «Ազատությանը» փոխանցեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը․ - «Առաջին դեպքն արձանագրվել է պոլիկլինիկայում, որից հետո հիվանդանոցում ունենք 12 դեպք և 9 դեպք պոլիկլինիկայում, մնացած անձինք քաղաքի բնակիչներ են», - ասաց մարզպետը:
«Ազատության» հարցին, թե կրոնական ի՞նչ հավաքույթների մասին էին խոսում, Սանոսյանը պատասխանեց. - «Ես մինչև հիմա էլ փորձել եմ զերծ մնալ անձնական տվյալները հրապարակելուց, ընդամենը կասեմ, որ հաստատված դեպքերի մեջ ունենք քաղաքացիներ, որոնք կրոնական ինչ-որ խմբավորման անդամներ են։ Նման խոսակցություններ կան, բայց ես չեմ կարող պաշտոնապես դա ո՛չ հերքել, ո՛չ հաստատել։ Եթե կարիք լինի, որ որոշակի մարմիններ դրանով զբաղվեն, միգուցե կզբաղվեն, և մենք կհասկանանք՝ եղե՞լ են, որտե՞ղ են տեղաշարժվե, ի՞նչ հավաքների են մասնակցել և այլն։ Հիմա մեր խնդիրն է բոլորին բուժել և բոլորի մասին հոգ տանել, հայտնաբերել սկզբնաղբյուրը, որի հետ կապված որոշակի դժվարություններ ունենք և դեռևս չենք կարողանում հասկանալ՝ հիվանդությունը որտեղից է Վարդենիս հասել: Առկա հիվանդների բոլոր կոնտակտը հնարավոր ճշտել ենք»:
Ընդհանուր առմամբ՝ վարակվածության հաստատված դեպքերը 1473-ն են, առողջացել է 633 մարդ, մահացել 24-ը։ Այս պահին հիվանդանոցներում բուժում է ստանում 816 քաղաքացի, ընդհանուր առմամբ, կատարվել է 14 հազար 966 թեստավորում:
Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանից տեղեկացանք, որ մահաբեր այս վիրուսը հաղթահարել են նաև խոցելի խմբում գտնվող մի քանի տարեց քաղաքացիներ:
«Հայաստանում մինչ այս պահը կորոնավիրուսով վարակված 70 տարեկանից բարձր ռիսկային խմբերը հաշվենք, շուրջ 50 քաղաքացի հաղթահարել է հիվանդությունը և դուրս է գրվել: Ապաքինվածներից ամենատարեցը 1927 թվականին ծնված կին է՝ 93 տարեկան, նրանից երեք տարով ավելի փոքր՝ 90 տարեկան մեկ այլ կին ևս ապաքինվել է և դուրս է գրվել ապրիլի սկզբին։ Իր հասակակիցներից հետ չի մնացել 88-ամյա կանանցից մեկը, նա էլ դուրս է գրվել ապրիլի կեսերին: Նրանց բոլորի մոտ բուժման ընթացքում առողջական վիճակը եղել է միջին ծանրության: Այսինքն՝ այս վիճակագրությունը ցույց է տալիս, որ նույնիսկ տարեցները, որոնք իրականում ռիսկային խմբում են, ևս կարող են հաղթահարել հիվանդությունը», - ասաց Նիկողոսյանը:
Արձանագրված 7 դեպք կա Արցախում, որտեղ փակ է 4 համայնք, մեկուսացված են 20 քաղաքացիներ, մինչև այսօր արվել է 176 թեստավորում։
Արցախի պարետատան մամուլի հետ կապերի պատասխանատու Տիգրան Աբրահամյանն «Ազատությանն» ասաց, որ իրավիճակը կառավարելի է, բժշկական պարագաների ու հիվանդանոցային մահճակալների խնդիր չկա․ - «Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող վարակակիրներ չունենք։ Ունենք երեք քաղաքացի, որոնք ունեն ուղեկցող հիվանդություններ, սակայն կա՛մ միջին ծանրության են, կա՛մ բավարար են։ Որևէ քաղաքացու կյանքին վտանգ չի սպառնում»։