Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները, ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները սերտ կապի մեջ կմնան

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների, ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների հանդիպումը Ժնևում, 30-ը ապրիլի, 2020թ.

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին և Էնդրյու Շոֆերը մարտի կեսերից հեռավար եղանակով պարբերական խորհրդակցություններ են անցկացրել, այդ թվում՝ ապրիլի 21-ի համատեղ տեսակոնֆերանսը։ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը նույնպես մասնակցել է այս խորհրդակցություններին, ասված է նախարարների և համանախագահների համատեղ հայտարարությունում:

Խորհրդակցությունների ընթացքում մասնակիցները քննարկել են գլոբալ առողջապահական ճգնաժամի ազդեցությունը տարածաշրջանի վրա և տեղում տեղի ունեցած վերջին զարգացումները: Նրանք անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացում հետագա քայլերին՝ համահունչ 2020 թվականի հունվարի 30-ին Ժնևում արված համատեղ հայտարարությանը:

«Հաստատվեց, որ COVID-19 համավարակի հետևանքով ստեղծված արտասովոր իրավիճակի պատճառով նախկինում ձեռք բերված հումանիտար միջոցառումների իրականացումը հետաձգվել է: Նախարարների միջև առերես հանդիպումների և համանախագահների տարածաշրջան այցելությունների վերաբերյալ Ժնևում ձեռք բերված պայմանավորվածությունները նույնպես հետաձգվել են: Այնուամենայնիվ, վերոնշյալ գործողությունները նախապատրաստելուն ուղղված անհրաժեշտ աշխատանքները շարունակվում են:

Համանախագահներն ընդգծեցին հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման և ստեղծված իրավիճակում սադրիչ գործողություններից զերծ մնալու կարևորությունը և կոչ արեցին կողմերին ձեռնարկել հետագա միջոցառումներ լարվածության նվազեցման ուղղությամբ։ Նրանք նաև բարձր գնահատեցին ստեղծված իրավիճակում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի շարունակական աշխատանքը և ընդգծեցին մոնիթորինգային աշխատանքները հնարավորինս շուտ վերսկսելու անհրաժեշտությունը», - Հայաստանի արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության փոխանցմամբ՝ ասված է հայտարարությունում:

«Հաշվի առնելով վիթխարի մարտահրավերները, որոնց ներկայումս առերեսվում են բոլոր ժողովուրդները՝ անկախ քաղաքական սահմաններից, և որոնք ծառայում են որպես խիստ հիշեցում յուրաքանչյուր մարդկային կյանքի արժեքի մասին, ԱԳ նախարարները և համանախագահները հույս հայտնեցին, որ գլոբալ համավարակին արձագանքելու հարցում ցուցաբերված վճռականությունը ստեղծարար և կառուցողական խթան կհաղորդի խաղաղ գործընթացին: Համանախագահները ուշադրություն հրավիրեցին ՄԱԿ գլխավոր քարտուղարի՝ ներկա առողջապահական ճգնաժամի ժամանակաշրջանում հրադադարի միջոցառումների վերաբերյալ մարտի 23-ի ուղերձին և համանախագահների մարտի 19-ի հայտարարությանը:

Արտգործնախարարները և համանախագահները համաձայնեցին սերտ կապի մեջ մնալ և հնարավորինս շուտ շարունակել առերես բանակցությունները», - ասված է հայտարարությունում: