Ռուսաստանի ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնին նոր արշավ է սկսել` պահանջելով իշխանություններից ֆինանսական օժանդակություն տրամադրել քաղաքացիներին ու գործարարներին` դիմակայելու օր-օրի ընդարձակվող համաճարակին:
Պաշտոնական վերջին տվյալներով` երկրում անցած մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի քան 5 հազար 600 նոր դեպք, ընդհանուր ցուցանիշը հասել է 52 հազարի:
Նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսաստանցիներին մեկամսյա վճարովի արձակուրդ է տվել, պաշտոնապես, սակայն, երկրում կարանտին չի հայտարարվել:
Ընդդիմադիր առաջնորդը պնդում է, որ տնտեսական հետևանքները մեղմելու համար կառավարությունը պետք է դրամական միջոցներ փոխանցի քաղաքացիներին, սառեցնի փոքր ու միջին բիզնեսի հարկային պարտավորությունները, չեղարկի կոմունալ վճարները:
Նավալնին կոչ է արել աջակիցներին տարածել այս պահանջները համացանցում, միանալ օնլայն ստորագրահավաքին և մեծացնելով ճնշումը Պուտինի վարչակազմի նկատմամբ` հասնել ցանկալի արդյունքներին: