Կրասնոդարից դեպի Երևան չարտերային թռիչքով այսօր Հայաստան է վերադառնում 100 ՀՀ քաղաքացի, հայտնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից:
«Կրասնոդարի երկրամասի հայկական ազգային-մշակութային ինքնավարության ու կառույցի նախագահ Արտյոմ Մինոսյանի, ինչպես նաև բարերար Միսակ Ղազարյանի և Գլխավոր հյուպատոսության աջակցությամբ ապահովվել է նշված չվերթով քաղաքացիների անվճար վերադարձը հայրենիք»,- ասված է հաղորդագրության մեջ։
Վերոնշյալ թռիչքով Հայաստան վերադարձած քաղաքացիները ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը մարտի 30-ից փակել է իր սահմանները, այդ թվում՝ օդային սահմանը։
Հազարավոր հայաստանցիներ այս օրերին Հայաստան վերադառնալու ցանկություն են հայտնում սոցցանցերում։ Ավելի վաղ հայկական կողմին հաջողվել էր ապրիլին կազմակերպել երեք հատուկ չվերթ և Հայաստան տեղափոխել մոտ 660 մարդ։