Մատչելիության հղումներ

ՌԴ-ում ՀՀ դեսպանության տվյալներով, Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում այս պահին 135 հայաստանցի կա


Ռուսաստանը մարտի 30-ից փակել է իր սահմանները, այդ թվում՝ օդային սահմանը։

Հազարավոր հայաստանցիներ այսօր օրերին Հայաստան վերադառնալու ցանկություն են հայտնում սոցցանցերում։ Հայկական կողմին հաջողվել է ապրիլին կազմակերպել երեք հատուկ չվերթ և Հայաստան տեղափոխել մոտ 660 մարդ։

Հայաստան վերադառնալ ցանկացողները, սակայն, շատ ավելի շատ են, և այս օրերին Ռուսաստանի մայրաքաղաքի «Դոմոդեդովո» օդանավակայանում ստեղծվել է խնդրահարույց իրավիճակ․ այնտեղ հավաքվել են մի քանի տասնյակ հայեր, որոնց մի մասը նույնիսկ գիշերում է այդտեղ։

Մինչդեռ Ռուսաստանի մայրաքաղաքում, այդ թվում օդանավակայաններում գործում են կարանտինային խիստ սահմանափակումներ, և հայաստանցիների այնտեղ մնալը խիստ խնդրահարույց է, չի բացառվում, որ իրավիճակին միջամտեն իրավապահները։

Ռուսաստանում ՀՀ դեսպանության տվյալներով, «Դոմոդեդովո» օդանավակայանում այս պահին գտնվում են Հայաստանի 135 քաղաքացի։ Դեսպան Վարդան Տողանյանը դեսպանության ֆեյսբուքյան էջում շեշտել է, որ նրանք հրաժարվել են հետևել դեսպանության բազմաթիվ հորդորներին և ընդունել հյուրատներ տեղափոխվելու առաջարկը։ Նրանք հրաժարվել են նաև դեսպանության առաջարկած սննդից։

«Դոմոդեդովո»-ում հավաքված հայաստանցիները իրենց հայրենիք վերադարձնելու կոչով դիմում են ՀՀ իշխանություններին։

«Մեզ ձեռնտու է թեկուզ մեկ շաբաթ շուտ հասնենք, մեր օդանավակայանում մնանք մի շաբաթ-տասը օր, քան թե այստեղ մնանք», - «Ազատությանն» ասաց նրանցից մեկը։

Նրա բախտակիցը հավելեց․ - «Հարգելի Կառավարություն, հարգելի Ազգային ժողով, պարոն Նիկոլ Փաշինյան, ես իմ ուղերձը հղում եմ ձեզ։ Հարգելի Նիկոլ Փաշինյան, մենք գտնվում ենք «Դոմոդեդովո» օդանավակայանում, ավելի վտանգավոր վիճակում, ռիսկային գոտում։ Մենք Ձեզանից ու բոլորից, նաև մեր բարերարներից խնդրում ենք որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ»։

Այս մարդկանց խնդիրներով զբաղվող Ռուսաստանի հայերի միավորման համանախագահ Դավիթ Տոնոյանը «Ազատությանն» ասաց․ - «Շարունակում են քաղաքացիները մեկնել օդանավակայան, շարունակում են այնտեղ գիշերել և շարունակում են հրաժարվել դեսպանատան կողմից տրամադրված հյուրանոցներից։ Բազմիցս բացատրել ենք, որ դա շատ վտանգավոր է առաջին հերթին իրենց առողջության համար, համաճարակի պայմաններում նման կուտակումներն անթույլատրելի են և կարող են բերել շատ լուրջ հետևանքների»։

Այսօր հայտնի դարձավ, որ առաջիկայում հնարավոր է ևս մեկ թռիչք կազմակերպել Սանկտ Պետերբուրգ - Մոսկվա - Երևան չվերթով։ Սակայն բոլորը հայաստանցիները չեն կարողանա այդ մեկ չվերթով վերադառնալ հայրենիք։

Ռուսաստանում վերջին 24 ժամում հաստատվել է նոր կորոնավիրուսով վարակման 4069 նոր դեպք, նախօրեին արձանագրվել էր 3448-ը։ Մահացածների ընդհանուր թիվը հասել է 273-ի։

Նախնական տվյալներով, Մոսկվայում կորոնավիրուսից մահացել է երեք հայ։

Կորոնավիրուսի տեղեկատվական կենտրոնի ներկայացուցիչ Ալեքսանդր Մյասնիկովի ներկայացրած տվյալներով, վարակի հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվն այսօր Ռուսաստանում հասել է 32007-ի։

Վարակի տարածման էպիկենտրոնը Մոսկվան ու Մոսկվային մարզն են։ Քաղաքային իշխանություններն ասում են, որ, չնայած վերջին օրերին վարակի տարածման արագ տեմպերին, համաճարակի պիկը դեռ առջևում է։

Ըստ Մոսկվայի փոխքաղաքապետ Անաստասիա Ռակովայի, պիկը սպասվում է առաջիկա 2-3 շաբաթվա ընթացքում։

Ռուսաստանի մայրաքաղաքը փակ է, փակ են Մոսկվա մտնող բոլոր ճանապարհները, անձնական ավտոմեքենաներից ու քաղաքային տրանսպորտից թույլատրվում է օգտվել միայն հատուկ անցագրեր ունենալու դեպքում։

Մոսկվայի օրինակին պատրաստվում է հետևել նաև Սանկտ Պետերբուրգը։

XS
SM
MD
LG