Մոտ երեք ամսվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվը աշխարհում հասավ 2 միլիոն 200 հազարի, զոհվել է շուրջ 147 հազար մարդ:
Վարակի տարածման տեմպերով աշխարհում առաջատարը Միացյալ Նահանգներն է, այդ երկրում հաստատված դեպքերի թիվն ավելի քան 678 հազար է, մահացել է ավելի քան 34,6 հազար մարդ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ կորոնավիրուսով վարակվածների 50 տոկոսը բաժին է ընկնում Եվրոպային, որտեղ ամենամեծ թվերը Իսպանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում և Գերմանիայում են: Բացի Ֆրանսիայից մյուս երեք երկրները սկսել են թուլացնել համաճարակի դեմ ավելի վաղ սահմանած կոշտ միջոցառումները, առողջապահության ոլորտը համակարգող միջազգային կառույցը, մինչդեռ, հորդորում է չշտապել՝ նախազգուշացնելով առաջիկա շաբաթներին հնարավոր վատթարագույն պատկերի մասին:
Ֆրանսիայում հակահամաճարակային սահմանափակումները թերևս ամենախիստն են Եվրամիության տարածքում: Այդքանով հանդերձ՝ իրավիճակն օր-օրի բարդանում է. միայն երեկ այդ երկրում ռեկորդային թվով մահվան դեպքեր են արձանագրվել՝ 1438, զոհերի ընդհանուր թիվը հասցնելով 18 հազարի: Հաղորդվում է, որ վտանգված են երկրի գրեթե բոլոր ծերանոցները, որտեղ վարակի առնվազն մեկական դեպք է հաստատվել:
Գերմանիայից լուրերը հիմնականում դրական են: Երկրի առողջապահության նախարար Յենս Շպանը հայտարարել է, որ երկրում կարանտինային միջոցառումները թույլ են տվել իրավիճակը վերահսկողության տակ առնել, և վերջին տվյալները փաստում են, որ նոր վարակակիրների թիվը նվազում է, ավելանում են ապաքինվածները: Նախարարի խոսքով՝ համաճարակի դեմ պայքարի հաջողության շնորհիվ մայիսից երկրի հիվանդանոցները կանցնեն աշխատանքի բնականոն ռեժիմի:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության կանխատեսումներով՝ համաճարակային իրավիճակը սրվում է Թուրքիայում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Բելառուսում և Մեծ Բրիտանիայում:
Միացյալ Թագավորությունում վարակվածների թիվը հասել է 103 հազարի, զոհվել է 14 հազար մարդ, կառավարությունը ևս երեք շաբաթով երկարաձգեց կարանտինը:
Բելառուսը, որտեղ կարանտինային որևէ միջոցառումներ չեն ձեռնարկել՝ ի հեճուկս միջազգային կառույցների նախազգուշացումների և հորդորների, վարակվածների թվով գերազանցել է հարևան Ուկրաինային. Կիևը հաղորդում է երկրում հաստատված 4 հազար 662 դեպքերի, Մինսկը՝ 4 հազար 779-ի մասին:
Ռուսաստանում վարակվածների թվի աճը պահպանվում է՝ օրական ավելի քան 3 հազար մարդ, վարակակիրների թիվը, ըստ պաշտոնական տվյալների, գերազանցել է 32 հազարը: Նախագահ Վլադիմիր Պուտինը ի վերջո որոշեց հետաձգել մայիսի 9-ի Հաղթանակի շքերթը:
Կորոնավիրուսի համաճարակի ծագման օջախ համարվող Չինաստանի Հուբեի նահանգի իշխանություններն այսօր ներկայացրել են համաճարակի նոր վիճակագրությունը, ըստ որի՝ զոհերի թիվը մոտ 1300-ով կամ գրեթե 50 տոկոսով ավելի է, քան հաղորդվում էր ավելի վաղ: Նահանգի պաշտոնյաները պնդում են, որ տվյալները թաքցնելու դիտավորություն չեն ունեցել, նոր թվերը պայմանավորված են նոր տվյալների հայթայթմամբ:
Կորոնավիրուսի դեպքերի Չինաստանի ներկայացրած վիճակագրությունը մի շարք երկրներում կասկածի տեղիք է տվել: Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, մասնավորապես, հայտարարել է, թե միամտություն էր Պեկինի հրապարակած տվյալներին հավատալը: