Աշխարհում հայտնաբերված Covid-19-ի դեպքերի ընդհանուր թիվը մոտենում է 2 միլիոն 200 հազարին, մոտ 147 հազար մարդ դարձել է համաճարակի զոհ, բուժվել է շուրջ 553 հազարը:
Միացյալ Նահանգները շարունակում է առաջինը մնալ զոհերի և հիվանդների թվով՝ ավելի քան 34,6 հազար մահվան դեպք և 678 հազար վարակված, սակայն նախագահ Դոնալդ Թրամփն արդեն ներկայացրել է բնականոն կյանքի վերադառնալու պլանը:
Չինաստանի իշխանությունների հետ վեճերը շարունակվում են: Fox News հեռուստաընկերությունը պատմել է, որ նոր կորոնավիրուսի համաճարակը սկսվել է Ուհանի վիրուսաբանության ինստիտուտի աշխատակցից, Չինաստանի իշխանությունները դա հերքում են:
Մեծ Բրիտանիայում, որտեղ ավելի քան 103 հազար վարակված կա և գրեթե 14 հազար մարդ է մահացել, կարանտինը երկարաձգվում է ևս երեք շաբաթով:
Ճապոնիայում արտակարգ իրավիճակ է հայտարարվել երկրի ամբողջ տարածքում, քաղաքացիներին ամսական հազար դոլար կվճարեն:
Սերբիայում, որտեղ ավելի քան 5 հազար հիվանդ կա և 103 մարդ է մահացել, նույնպես կարանտին է հայտարարվել՝ բայց միայն 48 ժամով, Զատկի տոնին:
Բարդ է իրավիճակը Ֆրանսիայում՝ օրվա կտրվածքով մահվան դեպքերի թվի ռեկորդային աճ է գրանցվել՝ 1438 մարդ, երկրում համաճարակի զոհերի ընդհանուր թիվը գրեթե 18 հազար է: Ֆրանսիայում գործող մեկուսացման ռեժիմի մեկ ամսվա ընթացքում ոստիկանությունն ավելի քան 760 հազար տուգանք է գրել կարանտինը խախտելու համար:
Ռուսաստանում վարակվածների թվի աճը պահպանվում է՝ օրական ավելի քան 3 հազար մարդ: Տարբեր մարզերում իշխանությունները խստացնում են կարանտինը: Նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ մայիսի 9-ի Հաղթանակի շքերթը հետաձգվում է: