Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է կարանտինային միջոցառումների աստիճանաբար թուլացնելու մասին:
Հաջորդ շաբաթվանից սկսած, ինչպես նշել է Մերկելը, կգործեն որոշ խանութներ, ավտոսրահները, գրախանութները, գրադարանները, արխիվները, կբացվեն կենդանաբանական և բուսաբանական այգիները, իսկ մայիսի 4-ից՝ դպրոցները, գեղեցկության սրահները:
Բարերը, ռեստորանները, ակումբները, կինոդահլիճները կշարունակեն մնալ փակ, առնվազն մինչև օգոստոս կհետաձգվեն զանգվածային միջոցառումները, կրոնական ծեսերը:
Գերմանական կառավարության ղեկավարը միևնույն ժամանակ խորհուրդ է տվել հանրային վայրերում կրել պաշտպանիչ դիմակներ: Կանցլերի խոսքերով՝ կոշտ սահմանափակումների շնորհիվ հաջողվել է որոշակի հաջողության հասնել, այժմ անհրաժեշտ է այն պահպանել:
Գերմանիայում վարակվածների թիվն ավելի քան 127 հազար է, մահացել է շուրջ 3,2 հազար մարդ:
Անցած օրերին կարանտինային սահմանափակումների չեղարկման մասին են հայտարարել նաև մի շարք այլ եվրոպական երկրներ: Դանիայում վեաբացվել են մանկապարտեզները, Իսպանիայում վերսկսել են շինարարական աշխատանքները, Ավստրիայում բաց են ոչ մեծ խանութները, մայիսի 1-ից թույլատրվում է բաց երկնքի տակ որոշ մարզաձևերով զբաղվելը: Իտալական մի շարք շրջաններում վերաբացվել են գրախանութներն ու մանկական հագուստի խանութները :