Մատչելիության հղումներ

Մի շարք երկրներում քայլեր են կատարվում տնտեսությունը վերաբացելու ուղղությամբ


Ավստրիա - Վիեննայի վերաբացված խանութներից մեկի ավտոկայանատեղին, 14-ը ապրիլի, 2020թ.
Ավստրիա - Վիեննայի վերաբացված խանութներից մեկի ավտոկայանատեղին, 14-ը ապրիլի, 2020թ.

Չնայած ամբողջ աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը մոտենում է 2 միլիոնին, իսկ մահվան դեպքերինն անցել է 120 հազարից, մի շարք երկրներում մտածում են կամ արդեն կոնկրետ քայլեր են անում տնտեսությունն աստիճանաբար վերաբացելու ուղղությամբ:

Հայաստանի հարևան Վրաստանում, որտեղ ևս խիստ սահմանափակումներ են մտցված, խորհրդարանի նախագահ Արչիլ Թալաքվաձեն ասել է, որ եթե քաղաքացիները կատարեն իշխանությունների խորհուրդներն ու պահպանեն սահմանված կարգը, մայիսից կարելի է աստիճանաբար վերաբացել տնտեսությունը:

Վրաստանում այսօրվա դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսի 296 դեպք, 3 մարդ մահացել է, գրեթե 5 հազարը կարանտինի մեջ է: Վրաստանի կառավարության կայքում նաև այսպիսի տվյալ կա՝ 434 անձ հիվանդանոցում գտնվում է հսկողության տակ, բայց չի հստակեցվում՝ այդ մարդիկ վարակվա՞ծ են, թե՞ կասկածվում են, պարզ չէ, թե ինչու են նրանք հիվանդանոցներում գտնվում հսկողության տակ:

Ավստրիայում սահմանափակումներից հետո առաջին անգամ վերաբացվել են հազարավոր խանութներ, առևտրի կենտրոններ, մասնավորապես՝ էլեկտրոնիկայի, շինարարական ապրանքների, գյուղատնտեսական նշանակության խանութներ:

Ավստրիայում կորոնավիրուսի ավելի քան 14 հազար դեպք է արձանագրվել, մահացել է 384 մարդ:

Եվրոպայում կորոնավիրուսից ամենաշատը տուժած երկրներից մեկում՝ Իսպանիայում ևս մի շարք ընկերությունների թույլատրել են վերաբացվել: Այսօրվանից աշխատում են շինարարության և արդյունաբերության ոլորտների ընկերությունները, իսկ խանութները, սրճարանները, հանրային այլ վայրերը փակ են մնալու առնվազն մինչև ապրիլի 26-ը:

Երեկ Կատալոնիայում ոչ աշխատանքային օր էր, որոշ ճյուղերում աշխատանքը վերաբացելու Մադրիդի որոշումն այսօրվանից է գործում: Կատալոնիայի իշխանությունները որոշում են ընդունել, որ մինչ աշխատավայր մտնելը պետք է ստուգվի մարդկանց ջերմությունը, Բարսելոնայում մետրոյի կայարաններում ուղևորներին պաշտպանիչ դիմակներ են բաժանվում:

Իսպանիայում սահմանափակումներն օգնել են նվազեցնել կորոնավիրուսի հետևանքով մահացությունը, որը գագաթնակետին էր հասել ապրիլի սկզբին: Կորոնավիրուսի բռնկումից ի վեր Իսպանիայում ավելի քան 170 հազար դեպք է արձանագրվել, մահացել է 17 հազար 700 մարդ:

Տնտեսությունը վերաբացելու մասին ավելի վաղ խոսել էր ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը: Դեռևս մարտին նա հույս էր հայտնել, որ մոտավորապես Զատկի տոներին հնարավոր կլինի վերաբացել բիզնեսը, բայց Միացյալ Նահանգներում իրավիճակն օրեցոր վատթարանում էր: Այսօրվա դրությամբ աշխարհում վարակվածների ու մահվան ամենաշատ դեպքերը գրանցվել են Միացյալ Նահանգներում՝ ավելի քան 585 հազար դեպք, 23 հազար 600-ից ավելի մահացած: Հիմա ակնկալվում է, որ ԱՄՆ-ում տնտեսությունը կվերաբացվի գալիք մայիսից:

Թրամփն իր ամենօրյա ասուլիսում երկուշաբթի օրն ասել է, թե իր վարչակազմն ավարտում է տնտեսությունը վերաբացելու պլանի մշակումը

Երեկ ԱՄՆ-ի Արևելյան և Արևմտյան ափերի 9 նահանգներ ևս հայտարարել են, թե աստիճանաբար սկսում են վերաբացել տնտեսությունը:

XS
SM
MD
LG