Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 48-ով՝ հասնելով 1159-ի, հիվանդությունից մահացել է ևս մեկ մարդ, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:
Կենտրոնի պաշտոնական կայքում այսօր ժամը 11-ին հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 61-ով և հասել 358-ի:
Ըստ նույն աղբյուրի՝ իրականացված թեստավորումների ընդհանուր թիվը 9 հազար 632 է:
Առողջապահության նախարարության մամուլի քարտուղարի փոխանցմամբ՝ մահվան նոր դեպքն արձանագրվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: «73-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Տղամարդն ունեցել է նաև ուղեկցող խրոնիկ հիվանդություններ՝սրտի իշեմիկ հիվանդություն, զարկերակային գերճնշում։ Բուժման ընթացքում առաջացել է խրոնիկ հիվանդությունների սրացում` սրտի ռիթմի խանգարում` պերսիստենտ ձև, գլխուղեղի իշեմիկ ինսուլտ», - Ֆեյսբուքում գրում է Ալինա Նիկողոսյանը:
Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 783 մարդ:
Մահացածների ընդհանուր թիվը հասավ 18-ի:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Կառավարության նիստի ժամանակ նշեց. - «Կարող ենք ասել, որ դրական բալանսով ենք փակել օրը, այսինքն՝ մեր ակտիվ դեպքերի թիվը 14-ով կրճատվել է»:
«Նույն միջոցառումները շարունակվում են: Կարող եմ նաև տեղեկացնել, որ մոտավորապես 1500 հոգուց ավել այս ամբողջ ընթացքում կարանտինից դուրս է եկել մեր մոտ՝ կարանտինային միջոցառումների արդյունքում, ինչպես նաև տեղեկացնել, որ կարանտինում գտնվող անձանց մոտ՝ մոտավորապես 300 հոգու մոտ հաստատվել է դրական արդյունք», - ասաց Թորոսյանը՝ ընդգծելով, որ «կարանտինային միջոցառումները շատ էֆեկտիվ են»:
«Հիվանդանոցային ֆոնդը, մահճակալային ֆոնդը այս պահին կիսով չափ է ծանրաբեռնված, և եթե մենք կարողանանք այս տեմպը պահել, այսինքն՝ մեր հանրությունը էդ բոլոր մեր խորհուրդները իրականացնի, մեր նոր բացվող գործատուները պահպանեն բոլոր սանիտարահամաճարակային կանոնները, մենք կարող ենք հույս ունենալ, որ այս իրավիճակը կմնա կառավարելի դեռ երկար ժամանակ», - հայտարարեց նախարարը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խնդրանքով Թորոսյանը ներկայացրեց երեկ իրականացված թեստերի թիվը. - «Մենք իրականացրել ենք զուտ 24-ժամյա ցիկլով 537, այսինքն՝ ֆիքսված թեստ, բայց թեստերի մի մասը քանի որ հաջորդ օրն է մուտքագրվել համակարգ, կարող եմ ընդհանուր թիվը ասել՝ 810 թեստ: Սա ինչով է կարևոր՝ մենք նաև համեմատում ենք այլ երկրների մեկ միլիոն բնակչին ընկնող թեստերի թվով, մենք բավական լավ դիրքերում ենք աշխարհում, նույնիսկ մեր հարևանների և մոտ գործընկերների հետ համեմատած մենք անում ենք բավական մեծ թվով թեստեր»: «Կարծում եմ, որ էս պահին այսքանն էլ բավարար է», - հավելեց նախարարը՝ ընդգծելով, որ հարկ եղած դեպքում հնարավոր է թեստավորման ծավալները մեծացնել:
«Այսպիսի հաշվարկ էլ կա, որ մենք փաստորեն այսօր մոտավորապես 16-ին 1, այսինքն՝ 16 թեստից մի դրական դեպք ենք ունենում, որը բավականին լավ ցուցանիշ է», - իր հերթին, հայտարարեց վարչապետը՝ ընդգծելով. - «Ընդհանուր առմամբ մեր կորը համաճարակի հիմա գտնվում է, այսպես ասած, կառավարելիության տիրույթում: Բայց եթե մենք շարունակենք այն վերաբերմունքը, որ շատ հաճախ տեսնում ենք մեր իրականության մեջ,մենք կարող է իսկապես ունենանք համաճարակի նոր բռնկում»: