Օբամա. Հպարտ եմ սատարել Բայդենին

ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբաման փոխնախագահ Ջոզեֆ Բայդենին պարգևատրում է Ազատության մեդալով, Սպիտակ տուն, Վաշինգտոն, 12-ը հունվարի, 2017թ.

Ամիսներ շարունակված լռությունից հետո, երեկ Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բարաք Օբաման պաշտոնապես սատարեց իր փոխնախագահի` Ջո Բայդենի թեկնածությունը առաջիկա նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում: «Ես անում եմ դա հպարտությամբ», - հայտարարեց Սպիտակ տան նախկին ղեկավարն, ընդգծելով` Բայդենն ունի բոլոր այն արժանիքները, որ այսօր անհրաժեշտն են Ամերիկային:

«Ջոզեֆ Բայդենին փոխնախագահի պաշտոնն առաջարկելն իմ կայացրած ամենաճիշտ որոշումներից մեկն էր, և նա դարձավ իմ մտերիմ ընկերը: Այսօր հպարտ եմ պաշտպանել նրա թեկնածությունը նախագահական ընտրություններում: ... Նա մեկն է, ում սեփական կյանքն է սովորեցրել համառորեն գնալ առաջ և հակադարձել, երբ քեզ տապալել են», - հայտարարեց Օբաման, ընդգծելով` 77-ամյա Բայդենի առաջնորդությունը հիմնված է փորձի, գիտելիքի, ազնվության ու բարեգթության վրա:

Նախագահության վերջին օրերին Օբաման բարձրագույն պարգևի էր արժանացրել Բայդենին` շնորհելով նրան Ազատության մեդալը, որը նախագահի ամենաբարձր պարգևներից մեկն է: «Ջոն լավագույն փոխնախագահն է Ամերիկայի պատմության մեջ», - հայտարարել էր նա:

Նրանց պաշտոնավարման ավարտին սոցիալական ցանցերում օգտատերերը տասնյակ մեմեր` երգիծապատումներ էին տարածել, որտեղ Բայդենն իբր փորձում էր այս կամ այն կերպ խոչընդոտել Թրամփի մուտքը Սպիտակ տուն, իսկ Օբաման փորձում էր նրան հանգստացնել: Թերևս հենց այս մտերմությունը հաշվի առնելով՝ շատերն ակնկալում էին, որ Օբաման Բայդենին սատարելու մասին կհայտարարի շատ ավելի վաղ: Նախկին նախագահը, սակայն, դեմոկատների ներկուսակցական թեժ պայքարի ընթացքում չեզոքությունն այդպես էլ չխախտեց և խոսեց միայն երեկ, երբ Բայդենի վերջին մրցակիցը` սենատոր Բերնի Սանդերսը դուրս էր եկել մարաթոնից` հօգուտ նախկին փոխնախագահի:

«Իհարկե, դեմոկրատները կարող են ոչ բոլոր դեպքերում համաձայն լինել առաջարկվող բարեփոխումներից յուրաքանչյուրի հետ, բայց մեկ բանում բոլորս ենք համակարծիք` մեզ անհրաժեշտ է փոփոխություն, և դա տեղի կունենա միայն այն դեպքում, երբ մենք հաղթենք այս ընտրություններում, իսկ դա հեշտ չի լինելու», - զգուշացրեց երեք տարի առաջ պաշտոնավարումն ավարտած Օբաման:

Այս տարի ընտրվող նախագահին աննախադեպ մարտահրավերներ են սպասում` կորոնավիրուսի համաճարակը խորը ճգնաժամի առջև է կանգնեցրել ոչ միայն Ամերիկայի, այլև`ողջ աշխարհի տնտեսությունը, ճգնաժամ, որի տևողության ու հաղթահարման ճանապարհներն այսօր դժվար է կանխատեսել: Օբաման երեկվա ելույթում այս փաստերը չշրջանցեց, հատուկ ընդգծելով` ինչ դեր է խաղացել Բայդենը մեկ այլ համաճարակի` էբոլայի դեմ պայքարում և ինչպես է օգնել իրեն հաղթահարել 2008 թվականի ֆինանսական ճգնաժամը: «Բայդենը կարող է ոտքի կանգնեցնել մեր երկիրն այս դժվարին ժամանակներում», - հայտարարեց նա:

Ամերիկացիներից յուրաքանչյուրին հուզող հարցերին արձագանքելուց բացի՝ Օբաման նաև դիմեց մրցապայքարից դուրս եկած սենատոր Բերնի Սանդերսի աջակիցներին, ընդգծելով` Դեմոկրատական կուսակցությունն այսօր պե՛տք է միավորվի և միասնական ճակատով հանդես գա առաջիկա ընտրություններում:

Ավելի վաղ ինքը Սանդերսն էր նույն ուղերձը տարածել` հորդորելով միավորվել իր երբեմնի մրցակցի` Ջո Բայդենի շուրջ՝ թույլ չտալու Դոնալդ Թրամփի վերընտրությունը. - «Նա ամենավտանգավոր նախագահն է Ամերիկայի նորագույն պատմության մեջ», - պնդել էր ազդեցիկ սենատորը:

Նախագահ Թրամփի նախընտրական շտաբն արդեն արձագանքել է այս հայտարարույթուններին ու դեմոկրատական ճամբարի միավորման փորձերին, պնդելով` միևնույն է, նրանք հաջողության չեն կարող հասնել:

«Բարաք Օբաման հինգ տարի համոզում էր Բայդենին չառաջադրվել, վախենալով, որ նա կարող է ինքն իրեն վատ վիճակի մեջ դնել», - հայտարարել է Թրամփի քարոզարշավի պատասխանատուներից Բրեդ Փարսքեյլը, հավելելով. - «Հիմա, երբ միայն Բայդենն է մնացել դեմոկրատական ճամբարի թեկնածուն, Օբամային այլևս այլ բան չի մնում, քան սատարել նրան»:

Ակնկալվում է, որ Դեմոկրատական կուսակցությունը պաշտոնապես կառաջադրի Ջոզեֆ Բայդենի թեկնածությունը օգոստոսին կայանալիք համագումարի ժամանակ: Նախագահական ընտրությունները տեղի կունենան այս տարվա նոյեմբերի 3-ին: