Եսայան եղբայրները վերջնական առաջարկ են հրապարակել՝ «Յուքոմ»-ի 94 տոկոս բաժնետոմսերի համար շուրջ 34 մլրդ դրամ

Հայկ Եսայան, արխիվ

Եսայան եղբայրները՝ «Յուքոմ» ընկերության հիմնադիրները և ընկերության 5,94 բաժնետերերը, վերջնական առաջարկ են հրապարակել՝ 94,06 տոկոս բաժնետոմսերի համար 34 միլիարդ 57 միլիոն դրամ:

Ապրիլի 10-ին, հիշեցնենք, Եսայանները 22 միլիարդ 100 միլիոն էին առաջարկել մյուս սեփականատերերից նրանց բաժնետոմսերը ձեռք բերելու համար:

«Բանակցությունները սկսելուց ոչ մեկը չէր կարող պատկերացնել, որ այսքան աշխատակիցներ կորոշեն աշխատանքից ազատման դիմումներ ներկայացնել` հետևելով իմ օրինակին, հայտարարելով, որ պատրաստ չեն աշխատել այլ տնօրենի հետ: Ուստի ես իմ սեփական պատասխանատվությունն եմ զգում աշխատակիցների առջև: Այս պատասխանատվությունից ելնելով և կազմակերպության շարունակականությունը ապահովելու նպատակով որոշում ենք կայացրել վճարել հնարավոր առավելագույն գինը, հաշվի առնելով կազմակերպությունում տարիներ շարունակ ներդրված բոլոր գումարները: Առաջարկի գումարը կազմում է 34,057,000,000 ՀՀ դրամ», - ասված է Հայկ Եսայանի հայտարարությունում, որը տարածել է «Յուքոմ»-ի մամլո ծառայությունը:

Եսայանը հայտնում է, որ առաջարկությունն արդեն բանավոր ներկայացված է, սպասում են պատասխանի:

«Այո, մենք պատասխանատվություն ենք զգում մեր ստեղծած հարազատ կազմակերպության շարունակական աշխատանքը ապահովելու համար` չվտանգելու Արտակարգ դրությունում հայտնված հայաստանցիների հեռավար կրթվելու, տանից առցանց աշխատելու, իրար հետ վիրտուալ կերպով լինելու ապահովումը», - վստահեցրել է Հայկ Եսայանը՝ շարունակելով. - «Այս պահի դրությամբ արդեն 843 աշխատակից ներկայացրել են աշխատանքից ազատման դիմումներ և ցանկանում են անհապաղ դադարեցնել իրենց պարտականությունների կատարումը, և իմ ամենօրյա խնդրանքով է, որ աշխատակիցները չեն լքում աշխատանքը և շարունակում են սպասարկել այս օրերին կենսական նշանակություն ունեցող ցանցը, որով, ինչպես նշեցի, ապահովում է գործարար և կրթական ամբողջ համակարգի կենսագործունեությունը»:

Ֆիքսված և շարժական կապի ծառայություններ մատուցող «Յուքոմ»-ի հիմնադիրներ և բաժնետերեր՝ եղբայրներ Հայկ և Ալեքսանդր Եսայանները անցած շաբաթավերջին ընկերությունից դուրս գալու դիմում են գրել։ Նրանց հետ աշխատանքից ազատվելու դիմումներ են գրել ընկերության մեծ թվով աշխատակիցներ։

Ընկերության կառավարման խորհրդում խնդիրներ են առաջացել «Յուքոմ»-«Բիլայն» հնարավոր միավորման գործընթացի պատճառով, որի արդյունքում, ըստ «Ազատության» աղբյուրի, «Բիլայն»-ի գործադիր տնօրենը կարող է ստանձնել «Յուքոմ»-ի տնօրենի պաշտոնը:

Երեկ «Յուքոմ»-ի կառավարման խորհրդի անունից հաղորդագրություն էր տարածել Galaxy ընկերությունների խումբը, որը, հիշեցնենք, պատկանում է Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ներկայումս անազատության մեջ գտնվող Գագիկ Խաչատրյանի ընտանիքին և որում ի թիվս այլ ընկերությունների ընդգրկված է նաև «Յուքոմ»-ը:

«Ազնիվ չէ բանակցային փուլում հանրային կարծիքի մանիպուլյացիաները կամ աշխատակիցների դիմումները որպես սպառնալիք օգտագործելը», - ասված էր այդ հաղորդագրությունում: - «Հայտնում ենք, որ տիրապետում ենք իրավիճակին և կարգավորման գործընթաց ենք նախաձեռնել»։

«Վստահ ենք, որ աշխատակիցները սթափ կդատեն իրավիճակը, իսկ նոր գլխավոր տնօրենը թիմի հետ համատեղ կապահովի բիզնեսի շարունակականությունը, ինչի համար նախատեսում ենք նոր ներդրումներ անել և հնարավորություններ ներգրավել։ <...> Երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված, երբ կապը մարդկանց համար կենսական նշանակություն ունի, մեր պարտքն է շարունակել անխափան աշխատանքը՝ պահպանելով ողջամտությունը։ Ucom-ը կա և կմնա հայկական օպերատոր», - նաև նշված էր հաղորդագրությունում:

Ի պատասխան՝ «Յուքոմ»-ի մամլո ծառայության էլեկտրոնային փոստից տարածված հաղորդագրությամբ խնդրել էին «չհավատալ հայտարարությանը» և պնդել էին, թե ընկերությունը «բաժնետերերի խորհուրդ» անվանումով կառավարման մարմին չունի: Դրան ի պատասխան էլ Galaxy Group-ից ուղարկել էին փաստաթղթերի պատճեններ: