Մենք տեսնում ենք, որ իրավիճակը փոխվում է գրեթե ամեն օր և, ցավոք, ոչ դեպի լավը` վարակակիրների թիվն ավելանում է, ընդ որում ավելի ու ավելի շատ են հատկապես ծանր հիվանդության դեպքերը, այսօր ասել է Ռուսաստանի նախագահը սանիտարահամաճարակային իրավիճակի վերաբերյալ հեռավար խորհրդակցության ժամանակ:
Ինքնամեկուսացված Վլադիմիր Պուտինի կարծիքով` կորոնավիրուսի հետ կապված Ռուսաստանն այսօր շատ խնդիրներ ունի:
Վերջին օրվա ընթացքում, Օպերատիվ շտաբի տվյալներով, Ռուսաստանի 62 շրջաններում կորոնավիրուսով վարակվելու 2 հազար 558 նոր դեպք է հայտնաբերվել: Նախօրեին աճը կազմել էր 2 հազար 186 դեպք:
Վարակվածների ընդհանուր թիվը Ռուսաստանում հասել է 18 հազար 328-ի: Վերջին մեկ օրում մահացել է 18 հիվանդ, մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 148-ի: Վարակման առավել նոր դեպքեր ունեցող տարածաշրջաններն են Մոսկվան՝ 1355 նոր դեպք, ընդհանուր՝ 11 հազար 513 վարակված, և Մոսկվայի մարզը՝ 495 նոր դեպք, ընդհանուր՝ 1855:
ՌԴ մայրաքաղաքում նոր վարակվածների մեծ մասը մինչև 45 տարեկան մարդիկ են, 46-ից մինչև 65 տարեկան հիվանդները կազմում են նոր վարակվածների 34 տոկոսը, 66-ից բարձր տարիք ունեցողները՝ 15 տոկոսը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ավելի վաղ Մոսկվայում վարակման դեպքերի թվի կտրուկ աճի պատճառ է համարել բնակիչների կողմից ինքնամեկուսացման ռեժիմի չապահովումը:
Կորոնավիրուսի դեմ պայքարի համար Ռուսաստանի մայրաքաղաքում և մյուս շրջանների մեծ մասում ինքնամեկուսացման ռեժիմ է սահմանվել, իսկ ողջ ապրիլը հայտարարվել է ոչ աշխատանքային:
Հիշեցնենք՝ Ռուսաստանում արտակարգ դրություն չի հայտարարվել:
Ապրիլի 15-ից Մոսկվայում և Մերձմոսկվայում խստացվում է ռեժիմը: Անձնական և հասարակական տրանսպորտով երթևեկելու համար անհրաժեշտ կլինի էլեկտրոնային անցագրեր ստանալ: Դրանք այսօրվանից արդեն կարելի է ձևակերպել քաղաքապետարանի կայքում, սակայն կայքը մի քանի ժամ աշխատելուց հետո այլևս չի գործում: Քաղաքապետարանից հայտնել են, թե հաքերային հարձակում է տեղի ունեցել:
Ոտքով խանութ կամ դեղատուն գնալու համար անցագրեր մայրաքաղաքում դեռ պետք չեն, սակայն նույնիսկ շենքի բակում զբոսնելիս ցանկացած քաղաքացու կարող են մոտենալ ոստիկանության ու Ռոսգվարդիայի աշխատակիցները և հարցեր տալ, մասնավորապես՝ ինչի՞ են զբոսնում: Եթե նրանց դուր չգան պատասխանները, քաղաքացիները ստիպված կլինեն մինչև 15 հազար ռուբլի տուգանք վճարել, այս մասին բազմաթիվ գրառումներ ու տեսագրություններ կան համացանցում:
Մոսկվան այսօր փակ է նաև Ռուսաստանի մյուս մարզերում բնակվող քաղաքացիների համար, մայրաքաղաք տանող բոլոր մայրուղիները վերահսկվում են Ճանապարհային ոստիկանության կողմից, և ոչ մոսկովյան պետհամարանիշերով գրեթե բոլոր ավտոմեքենաները կանգնեցվում են:
Արդեն մի քանի օր է` մոսկվացիներն ահազանգում են, որ քաղաքի հիվանդանոցներում կոլապս է, և շտապօգնության մեքենաները ժամերով կանգնում են հիվանդանոցի մուտքի մոտ՝ կիլոմետրանոց հերթերի պատճառով:
Նույնիսկ քաղաքի իշխանությունները խոստովանում են, որ իրավիճակը չափազանց բարդացել է, և սա այն դեպքում, որ կորոնավիրուսի տարածման պիկին Մոսկվան դեռ չի հասել, ինչպես ասում են Մոսկվայի իշխանությունները: