Բրիտանական մամուլի տեղեկություններով` Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը ապաստանելու տարիներին Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը երկու անգամ հայր է դարձել:
The Mail on Sunday թերթի տեղեկություններով` Ասանժի երեխաների մայրը նրա շահերը ներկայացնող հարավաֆրիկացի փաստաբան Ստելա Մորիսն է: Թերթի տեղեկություններով` Ասանժի որդիներն այժմ 1 և 2 տարեկան են, նրանց լույս աշխարհ գալուն Wikileaks-ի հիմնադիրը հետևել է համացանցում իրականացված հեռարձակման միջոցով:
Ջուլիան Ասանժը Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը քաղաքական ապաստան էր խնդրել 2012-ին: 2019 թվականին, սակայն, Ասանժը արտաքսվել էր դիվանագիտական ներկայացուցչության տարածքից և ձերբակալվել բրիտանական ոստիկանության կողմից:
Լոնդոնի դատարանը առաջիկայում քննելու է Wikileaks-ի հիմնադրին ԱՄՆ արտահանձնելու հարցը: Ամերիկյան դատախազությունը Ջուլիան Ասանժին լրտեսության մեղադրանք է ներկայացրել: