Արցախի նախագահ Բակո Սահակյանն ուղերձով դիմել է քաղաքացիներին և տեղեկացրել, որ ստորագրել է հրամանագիր Արցախում նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման և կորոնավիրուսի համաճարակի սպառնալիքից բնակչության պաշտպանության նպատակով արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին, հայտնում են նախագահի աշխատակազմից:
Նախքան այդ Սահակյանն անցկացրել է կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի ընդլայնված նիստ:
Նա իր ուղերձում նշել է, որ արտակարգ իրավիճակ է հայտարարվում ապրիլի 12-ից` ժամը 22:00-ից սկսած մինչև մայիսի 12-ը` ժամը 22:00-ը ներառյալ:
Արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմն ապահովող ուժերի և միջոցների միասնական ղեկավարումն իրականացնելու նպատակով ստեղծվել է պարետատուն: Պարետատան ղեկավար է նշանակվել պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:
«Հրամանագրով սահմանվել են արտակարգ իրավիճակի ժամանակ կիրառվող միջոցառումները և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումները, արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմն ապահովող ուժերն ու միջոցները», - նշել է Բակո Սահակյանը:
Միաժամանակ նա հայտարարել է. - «Վստահ եմ, որ մեր ժողովրդի իմաստնության, կարգապահության և բարձր քաղաքացիական պատասխանատվության շնորհիվ կկարողանանք հաղթահարել բոլոր դժվարությունները, արդյունավետորեն լուծել ծագող խնդիրները և միաժամանակ օրենքով սահմանված կարգով անցկացնել մեր երկրի համար այս կարևորագույն համապետական միջոցառումը, ինչպիսին է Արցախի նախագահի ընտրությունը՝ ձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ բնակչության առողջության պահպանման ուղղությամբ:
Ընտրությունների անցկացման օրը բոլոր ընտրատեղամասերում կձեռնարկվեն առողջապահական և սանիտարահիգիենիկ խստագույն միջոցներ: Պետք է անենք հնարավորը, որպեսզի կանխարգելենք և չեզոքացնենք բոլոր բացասական հետևանքները: Մենք կանենք մեզնից կախված ամեն ինչ, որպեսզի ամենայն պատասխանատվությամբ անցնենք այս կարևորագույն շրջանը ևս»:
Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը նշանակված է ապրիլի 14-ին:
Նշենք, որ մինչ այս պահը Արցախում կորոնավիրուսի 5 դեպք է հաստատվել, քաղաքացիներից մեկի վիճակը միջին ծանրության է:
Ինչ սահմանափակումներ են կիրառվում
Ըստ հրամանագրի` սահմանի բոլոր անցակետերում սահմանվում է անձանց, տրանսպորտային միջոցների մուտքի (ելքի), բեռների, այլ գույքի, կենդանիների տեղափոխման, անձանց ու տրանսպորտային միջոցների գտնվելու և տեղաշարժվելու հատուկ կարգ:
Անցակետով թույլատրվում է Արցախի քաղաքացիների և նրանց ընտանիքների՝ Արցախի քաղաքացի չհանդիսացող անդա-ների, քաղաքացի չհանդիսացող, սակայն Արցախում օրինական հիմքերով բնակվելու իրավունք ունեցող անձանց մուտքը: Արգելվում է Արցախի քաղաքացիություն չունեցող այլ անձանց մուտքը բացառությամբ`
1) դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների և նրանց ընտանիքի անդամների.
2) այն դեպքերի, երբ պարետի որոշմամբ, հաշվի առնելով այդ երկրներում (տարածքներում) համաճարակային իրադրության իրավիճակը, թույլատրվում է անձանց մուտք գործելը.
Անցակետով անձանց՝ Արցախ տարածք մուտք գործելուց հետո անհապաղ կատարվում է հատուկ զննություն վարակի առկայության կամ վարակի ախտանիշների բացահայտման նպատակով։
Բացի այդ, պարետի ցուցումով հառանձին համայնքի վարչական սահմաններում ևս կարող են կիրառվել տարբեր սահմանափակումներ, այդ թվում` համայնքի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմաններից ելք կատարելու հատուկ ռեժիմ` բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման դեպքերի, ինչպես նաև արտակարգ իրավիճակ հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքների վերացման և այլ հրատապ հարցեր լուծելու անհրաժեշտությունից ելնելով կատարվող մուտքերի և ելքերի:
Քրեակատարողական հիմնարկում, ձերբակալվածներին պահելու վայրերում և զորամասերում արգելվում են հանձնուքներ, ծանրոցներ և փաթեթներ ստանալը և ուղարկելը, տեսակցություններ ունենալը:
Պարետի որոշմամբ սահմանված տարածքներում արգելվում է հանրային միջոցառումների կազմակերպումը, ինչպես նաև գործադուլները, հավաքները: