Թուրքիայում Չինաստանի դեսպանը պարզաբանել է ՀՀ ուղարկված արկղերին Արարատի մասին հիշատակումը

Թուրքիան Չինաստանից բացատրություն է պահանջել օրերս Հայաստան ուղարկված հումանիտար օգնության տուփերի վրայի գրառման կապակցությամբ: Պաշտոնական Անկարայի զայրույթի պատճառը Արարատ լեռան հիշատակումն է, որը Թուրքիայի տարածքում է գտնվում և կոչվում է Աղրը լեռ:

Կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի շրջանակներում Չինաստանից Հայաստան ուղարկված բժշկական պարագաներով արկղերի վրա գրված էր. «Թող մեր բարեկամությունը լինի ավելի բարձր, քան Արարատ լեռը և ավելի երկար, քան Յանցզի գետը»:

Թուրքիայի ԱԳ նախարարությունը դիմել է Անկարայում Չինաստանի դեսպանին և Չինաստանի արտգործնախարարությանը՝ պարզաբանում պահանջելով գրառման վերաբերյալ: Թուրքական մի շարք պարբերականներ այս գրառումը սկանդալային էին որակել, բողոքի ալիք էր բարձրացել նաև սոցիալական մեդիայում:

Թուրքիայի ԱԳ նախարարության խոսնակ Համի Աքսոյի փոխանցմամբ` Անկարայում Չինաստանի դեսպանը հայտնել է, թե Հայաստան ուղարկված արկղերը պատրաստվել են տեղական իշխանությունների կողմից և Երևան են տեղափոխվել մասնավոր ընկերության միջոցով, ի սկզբանե տուփերի վրա միայն չինարեն գրառում է եղել, որը Արարատի մասին հիշատակում չի պարունակել, անգլերեն գրառումը հետո է ավելացվել: Դեսպանը, ընգծելով, որ Չինաստանը հարգում է Թուրքիայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, նշել է, որ հարցի առնչությամբ քննություն է ընթանում, և արդյունքի մասին առաջիկայում կհայտնեն թուրքական կողմին:

Մինչ այդ Թուրքիայի 31 մեծ քաղաքներում լռություն է տիրում: Երբեմնի մարդաշատ հրապարակներն ու պողոտաները, բանուկ փողոցներն այսօր դատարկ են: Ուրբաթ ուշ երեկոյան Ներքին գործերի նախարարության որոշմամբ փողոց դուրս գալու երկօրյա արգելք էր սահմանվել: Այս քայլով թուրքական իշխանությունները հույս ունեն կանխել կորոնավիրուսի զանգվածային տարածումը:

Առողջապահության նախարարության հրապարակած վերջին տվյալների համաձայն` Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը անցել է 52 հազարը, 1101 հոգի մահացել է: