Թուրքիան Չինաստանի իշխանություններից պաշտոնական բացատրություն է պահանջում Հայաստան ուղարկված հումանիտար օգնության տուփերի վրա գրառման կապակցությամբ:
Կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի շրջանակներում Չինաստանը Հայաստան է ուղարկել մեծաքանակ բժշկական պարագաներ, այդ տուփերի վրա չինական կողմը հետևյալ գրառումն էր արել. «Թող մեր բարեկամությունն ավելի բարձր լինի, քան Արարատ լեռը, և ավելի երկար, քան Յանցզի գետը»։
Պաշտոնական Անկարայի զայրույթի պատճառը Արարատ լեռան հիշատակումն է, որը թուրքական կողմը անվանում է Աղրի լեռ: Թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ` երկրի դիվանագիտական գերատեսչությունը դիմել է Անկարայում Չինաստանի դեսպանին և Չինաստանի արտգործնախարարությանը «պահանջելով պարզաբանել տուփերի վրա արված գրառման պատճառը»: