Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 46-ով՝ հասնելով 1013-ի

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 46-ով՝ հասնելով 1013-ի, տեղեկացնում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:

Կենտրոնի պաշտոնական կայքում այսօր ժամը 11-ին հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվը հասել է 197-ի` ավելանալով 24-ով:

Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 803 մարդ:

Ընդհանուր առմամբ կատարվել է 7 հազար 164 թեստավորում: Մինչ այժմ կորոնավիրուսի համավարակի հետևանքով գրանցվել է 13 մահ:

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար կառավարությունը մտադիր է ևս 30 օրով երկարաձգել արտակարգ դրությունը՝ մարտի 16-ից գործող ռեժիմի վերջնաժամկետը ապրիլի 14-ի երեկոյան է:

Կպահպանվեն տեղաշարժի, միջմարզային երթևեկության սահմանափակումները, չի աշխատի հանրային տրանսպորտը, բայց կթույլատրվեն այս օրերին արգելված տնտեսական գործունեության որոշ տեսակներ։

Այսօր Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Սուրբ Զատիկը, սակայն արդեն իսկ պարետ Տիգրան Ավինյանը հորդորել է մնալ տներում, չմասնակցել եկեղեցական արարողություններին: