Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը` Սուրբ Զատիկը: Հայաստանում արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը հորդորել է այսօր ևս մնալ տանը, չմասնակցել եկեղեցական արարողություններին` խուսափելու համար կորոնավիրուսի տարածումից:
«Առաքելակական եկեղեցու հետևորդների, այդ թվում` ինձ համար Զատիկն առավել կարևոր տոներից մեկն է:
Միաժամանակ, հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման շղթաների անկանխատեսելիությունն ու հավանական վտանգները՝ խստագույնս հորդորում ու խնդրում եմ վաղը փողոց դուրս չգալ, մնալ տանը և չմասնակցել եկեղեցական արարողությունների: Եկեք այս տարի այս նվիրական տոնը նշենք տանը՝ մեր ընտանիքի անդամներով շրջապատված»,- գրել է նա:
Ավինյանը շեշտել է` այս կոչն ու հորդորն անում է հանրային առողջությունը և անվտանգությունը պահպանելու կարևորագույն նպատակով:
«Նշեմ, որ ցանկացած պարագայում ոստիկանությունը կանխելու է բոլոր մարդկային կուտակումները»,- հավելել է նա:
Հիշեցնենք, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ կառավարությունը մտադիր է ևս 30 օրով երկարաձգել արտակարգ դրությունը: