Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար կառավարությունը մտադիր է ևս 30 օրով երկարաձգել արտակարգ դրությունը՝ մարտի 16-ից գործող ռեժիմի վերջնաժամկետը ապրիլի 14-ի երեկոյան է:
Կպահպանվեն տեղաշարժի, միջմարզային երթևեկության սահմանափակումները, չի աշխատի հանրային տրանսպորտը, բայց կթույլատրվեն այս օրերին արգելված տնտեսական գործունեության որոշ տեսակներ։
Վարչապետ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ հայտարարեց՝ երկարաձգելու որոշումը կառավարությունը երկուշաբթի կամ երեքշաբթի կկայացնի։ Հակահամաճարակային վիճակը կայունացել է, բայց չի լավացել, նշեց վարչապետը:
«Համաճարակը այսպես թե այնպես Հայաստանում և աշխարհում շարունակում է տարածվել, և մեր խնդիրն է այնպես անել, որ ունենանք միավոր ժամանակաշրջանում հիվանդացության հնարավորինս քիչ դեպքեր: Նախորդ ժամանակաշրջանի համար մենք, ըստ էության, կարող ենք ասել, որ լուծել ենք մեր խնդիրը, որովհետև հիմա մեր օրվա հիվանդացությունը 30-ի շրջանակում է», - ասաց Նիկոլ Փաշինյանը:
Տնտեսական գործունեության սահմանափակումները կառավարությունը նախատեսում է աստիճանաբար թուլացնել: Մեղմացումները, դատելով վարչապետի խոսքից, չեն վերաբերի մոտ երեք շաբաթ փակ ռեստորան-սրճարաններին:
«Երկուշաբթի օրվանից ամբողջությամբ թույլատրված կլինեն գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն, ձկնաբուծություն գործունեության տեսակները, հանքարդյունաբերություն և բաց հանքերի շահագործում, էլեկտրականություն, գազ, գոլորշի և լավորակ օդ ոլորտի գործունեությունը, ջրամատակարարում, թափոնների կառավարում և վերամշակում, կոյուղի, փոխադրումներ և պահեստային տնտեսություններ, առողջապահության և բնակչության սոցիալական ապահովման ոլորտը և օտարերկրյա կազմակերպությունների գործունեությունը: Նաև որոշում ենք կայացրել, որ ապրիլի 13-ից, ըստ էության, ամբողջությամբ կթույլատրենք բացօթյա շինարարական գործունեությունը, նաև ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը», - հայտարարեց Հայաստանի կառավարության ղեկավարը:
Եվս մեկ շաբաթ անց տնտեսվարողների համար նոր մեղմացումներ են ծրագրում:
«Ապրիլի 20-ից հետո ընկած ժամանակաշրջանում մենք նաև կբացենք հագուստի արտադրությունները՝ տեքստիլ ոլորտը կփորձենք բացել, տնտեսական խանութների գործունեությունը թույլ կտանք և գիտական հետազոտություններ և մշակում ոլորտը հնարավորություն կտանք աշխատելու: Ամենառիսկային խումբն այստեղ մեզ համար հագուստի արտադրություն՝ տեքստիլ ոլորտն է, որովհետև գիտեք, որ մեծ թվերը, որ մենք այսօր 1000-ին մոտ հիվանդ ունենք, այդ պրոցեսի հիմնական տանող ուժը եղել է տեքստիլ արտադրությունը: Մենք հասկանում ենք նաև, որ մարդիկ պիտի աշխատեն», - ասաց Նիկոլ Փաշինյանը:
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը՝ ապրիլի 24-ն է մոտենում, մայիսյան տոները: Վարչապետը քաղաքացիների մասնակցությունը միջոցառումներին սահմանափակելու կողմնակից է։ Կլինեն միայն պաշտոնյաներ։
«Եթե մենք այդ միջոցառումները թույլ տանք սովորական ընթացակարգով, մենք կունենանք համաճարակի անվերահսկելի բռնկում», - նշեց վարչապետը:
Այսօր՝ Սուրբ Զատիկի նախօրեին երևանցիները մոռացել էին սահմանափակումների ու կոչերի մասին՝ տնից դուրս գալ խիստ անհրաժեշտության դեպքում, դուրս գալիս էլ պահպանել սոցիալական հեռավորություն։
Քաղաքի որոշ հատվածներ բազմամարդ էին, փողոցային առևտուրը ծաղկում էր, Շենգավիթում, օրինակ, ամեն քայլափոխի բաց արկղերով ձուկ էին վաճառում:
Փողոցային առևտրին դեմ արտահայտվող, սոցիալական հեռավորության չպահպանելուց բողոքող կնոջ հայտարարությունները հատկապես խանութի մոտ հավաքված տղամարդկանց դուր չեկան: Իսկ արտակարգ դրության երկարաձգմանը երևանցիները մեծամասամբ դեմ չէին, բայց որ հանրային տրանսպորտը կշարունակի չաշխատել, նրանցից շատերի սրտով չէր: