Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 30-ով, հասնելով՝ 967-ի։ Հայտնում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը։
Հիվանդությունից բուժվածների ընդհանուր թիվը 173 է։ Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Հայաստանում բուժում է ստանում 781 մարդ։
Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը հայտնում է, որ ապրիլի 10-ի դրությամբ արձանագրվել է մահվան երկու դեպք, որոնցից մեկի մասին առողջապահության նախարարը դեռ երեկ էր հայտարարել։
Ալինա Նիկողոսյանը նշում է, որ 86-ամյա և 81-ամյա հիվանդներն ունեցել են կորոնավիրուսային հիվանդություն, երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, ունեցել են ուղեկցող խրոնիկ հիվանդություններ Ընդհանուր մահերի թիվը 13-ն է։
Այսօր այս վիճակագրությանն անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Ուզում եմ արձանագրել, որ մահացած քաղաքացիների միջին տարիքը 76,2 է, իսկ հիվանդների միջին տարիքը 42 տարեկան է: Այս վիճակագրությունը նույնպես մեզ հաստատում է այն տեղեկատվությունը, որ կորոնավիրուսը վտանգավոր է առանձնապես բարձր տարիքի մեր քաղաքացիների համար»:
Փաշինյանը պնդեց, որ Հայաստանում հիվանդացության թիվը համեմատաբար փոքր է, բայց դա դեռ չի նշանակում, որ վիճակը լավացել է:
«Վիճակը հակահամաճարակային առումով կայունացել է, բայց չի լավացել: Ընդհանուր առմամբ ցանկացած պահի մենք կարող ենք ունենալ հիվանդացության նոր բռնկում, որը մեզ կստիպի, որը մեզ համար ավելի մեծ դժվարություններ կստեղծի, դրա համար մեզնից յուրաքանչյուրը պետք է առանձնահատուկ պատասխանատվությամբ վերաբերվի առաջին հերթին ինքն իրեն: Մեզնից յուրաքանչյուրի խնդիրն է ամեն ինչ անել, որպեսզի չվարակվել կորոնավիրուսով և հետևաբար չվարակել նաև ուրիշներին», - նշեց վարչապետը:
Իսկ թե վարակի կանխարգելմանն ուղղված ինչպիսի գործողություններ են իրականացվում Երևանում, քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանն ասաց՝ մեծ ծավալով աշխատանքներ են իրականացվում, այդ թվում՝ ախտահանման:
«Ախտահանվում են բոլոր վարչական շրջաններում բազմաբնակարան շենքերի մուտքերը, վերելակները, վերելակների սրահները: Վարակի կանխարգելումը միայն ախտահանման աշխատանքները չեն, այդտեղ մեծ ծավալով կա նաև սպասարկման ոլորտի որոշ կարգավորումներ, որոնց ուշի-ուշով հետևում ենք և տրված պարետատան ցուցումներով փորձում ենք այդ ամենն իրականացնել մասնավոր սեկտորում, տնտեսվարողների շրջանում», - նշեց Հարությունյանը:
Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, կորոնավիրուսով վարակված 5 քաղաքացիներից մեկի՝ Քարվաճառի բնակչի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, քանի որ ունի ուղեկցող հիվանդություններ, մյուսների առողջական վիճակը բավարար է: Մեկուսացման մեջ գտնվող 9 քաղաքացիների մոտ նոր կորոնավիրուսային վարակին բնորոշ ախտանիշներ չկան:
Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են նաև, որ Քարվաճառի վարակված բնակչի շփման շրջանակը ճշտված է. թեստավորման համար նմուշառում է իրականացվել նրա հետ շփման մեջ գտնվող առաջին խմբի 9 քաղաքացիներից, որոնց հետազոտության արդյունքները հայտնի կդառնան ավելի ուշ: