«Եկել ենք այն եզրակացության, որ պետք է արտակարգ դրությունը երկարացվի», - ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք երեկ և այսօր քննարկել ենք և եկել ենք համոզման, որ անխուսափելի է, որ մենք պիտի արտակարգ դրությունը երկարացնենք: Երկուշաբթի կամ երեքշաբթի կառավարությունը կկայացնի որոշում, և այդ որոշումից հետո տեղի կունենա Ազգային ժողովի հատուկ նիստ, որտեղ կքննարկվի նաև արտակարգ դրության հարցը: Մեր եզրակացությունն այն է, որ պետք է արտակարգ դրությունը երկարացնենք, որովհետև դա անհրաժեշտ է վարակի տարածումը կանխարգելելու համար», - ասաց Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ արտակարգ դրության նոր երկարացման պայմաններում մի շարք գործունեության տեսակներ կլինեն ամբողջությամբ թույլատրված: Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ առաջիկա շրջանում հանրային տրանսպորտի աշխատանքը կարգելվի, թույլատրվելու է տաքսիների գործունեությունը:
«Երկուշաբթի օրվանից ամբողջությամբ թույլատրված կլինեն գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն, ձկնաբուծություն գործունեության տեսակները, հանքարդյունաբերություն և բաց հանքերի շահագործում, էլեկտրականություն, գազ, գոլորշի և լավորակ օդ ոլորտի գործունեությունը, ջրամատակարարում, թափոնների կառավարում և վերամշակում, կոյուղի, փոխադրումներ և պահեստային տնտեսություններ, ֆինանսական և ապահովագրական գործունեություն, առողջապահության և բնակչության սոցիալական ապահովման ոլորտը և օտարերկրյա կազմակերպությունների գործունեությունը», - ասաց Նիկոլ Փաշինյանը:
Հայաստանի կառավարության ղեկավարը նաև նշեց, որ Ցեղասպանության օրվա, Արցախի հաղթանակի և Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի օրվա միջոցառումներին քաղաքացիների մասնակցությունը պետք է սահմանափակվի: