«Յուքոմ» ընկերության շուրջ իրադարձությունների հետ կապված ընկերության հիմնադիրներ Հայկ և Ալեքսանդր Եսայան եղբայրները տարածել են հայտարարություն:
Հայկ Եսայանը հաստատում է երեկ շրջանառված լուրը, որով նա դիմում էր ներկայացրել իր աշխատանքային պարտականությունների դադարեցման մասին, որից հետո հարյուրավոր աշխատակիցներ սկսել էին աշխատանքից ազատման դիմումներ գրել:
«Այժմ 576 հոգի փաստացի դիմում է գրել, այդ թվում` գրեթե ողջ ղեկավար անձնակազմը, ղեկավարների միջին օղակը և ողջ տեխնիկական թիմը: Չնայած դրան, արդեն փաստացի աշխատանքից ազատման դիմում ներկայացրած աշխատակիցները շարունակում են անխափան պահել ծառայությունների հասանելիությունը` հատկապես հաշվի առնելով արտակարգ դրությունը երկրում և կապի կարևորությունը մեր օրերում», - ասված է հայտարարության մեջ:
Եսայան եղբայրները նաև հայտնում են. «Ստեղծված իրավիճակը ծագել է բաժնետերերի միջև հակասությունների պատճառով: Եղբայրները, որոնք ընկերության հիմնադիրներն են և ընկերության 5,94% բաժնետերերը, առաջարկ են արել մյուս սեփականատերերին ձեռք բերելու մնացած բաժնետոմսերը: 94,06 տոկոս բաժնետոմսերի համար առաջարկ է արվել վճարել 22 մլրդ 100 մլն դրամ գումար»:
Հայկ Եսայանը տեղեկացնում է, որ նպատակ ունեն հնարավորություն տալ ընկերության աշխատակիցներին արտոնյալ պայմաններով ձեռք բերել հետ գնված բաժնետոմսերի 20 տոկոսը և դառնալ կազմակերպության համասեփականատերեր:
Հիշեցնենք, որ Հայկ և Ալեքսանդր Եսայան եղբայրները երեկ հեռացել էին իրենց հիմնադրած կապի խոշորագույն օպերատոր «Յուքոմ» ընկերությունից, որտեղ մոտ 6 տոկոսի բաժնեմաս ունեն։ Եսայան եղբայրների հետ աշխատանքից որոշել են հեռանալ 1800 աշխատակից ունեցող ընկերության հարյուրավոր աշխատակիցներ։ Ընկերության կառավարման խորհրդում խնդիրներ են առաջացել «Յուքոմ»-«Բիլայն» հնարավոր միավորման գործընթացի պատճառով։ Ալեքսանդր Եսայանը հեռացել է նաև Հայաստանում գործող ծրագրավորման IUnetworks ընկերությունից, որտեղ խոշոր բաժնետեր էր: