Արցախում ևս երկու հոգու մոտ է կորոնավիրուս հաստատվել

Արցախի առողջապահության նախարարությունից փոխանցում են, որ օրվա ընթացքում թեստավորված անձանից երկուսի մոտ COVID-19 հետազոտման թեստի արդյունքում ախտորոշվել է կորոնավիրուս։

Առաջին վարակակիրը Միրիկ համայնքի հաստատված դեպքով բնակչի ընտանիքի անդամ է (առողջական վիճակը գնահատվում է բավարար), երկրորդը՝ երկկողմանի թոքաբորբով, էպիդեմիոլոգիական անամնեզով, Հանրապետական բժշկական կենտրոն ընդունված Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքի բնակիչ (1951 թ. ծ.), որի առողջական վիճակն այս պահին գնահատվում է միջին ծանրության. ունի նաև ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Նշված քաղաքացու ընտանիքի անդամները վերջին 3 օրերին գտնվել են ինքնամեկուսացման մեջ՝ բժիշկների խիստ հսկողության ներքո, իսկ քաղաքացու հետ սերտ շփում ունեցողների ու հավանական կոնտակտավորների շրջանակները ճշտվում են:

Առողջապահության նախարարությունից հայտնում են նաև, որ օրվա ընթացքում թեստավորված մյուս քաղաքացիների, այդ թվում՝ երկու ոստիկանների COVID-19 հետազոտման թեստի արդյունքները բացասական են, այսինքն՝ հետազոտության արդյունքում կորոնավիրուսի վարակը չի հաստատվել: