Սեդրակ Առուստամյանը չի ընդունում իրեն առաջադրված նոր մեղադրանքը

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ կոնցեռն» ընկերության գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը չի ընդունում համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վրա ինքնակամ շինարարությունը չդադարեցնելու մեղադրանքը։

Նրա փաստաբան Հովիկ Սուքիասյանն «Ազատության» հետ զրույցում պնդեց՝ դեռ 2017-ին և 2018-ին Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքի Աբովյան փողոցում հյուրանոց կառուցելու թույլտվություններ էր տվել, իսկ ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ այդ տարածքում բիզնես ծավալող ընկերության ներկայացուցիչը բողոքեց դատարան. «Կողքից ինչ-որ մի կին որոշել է, որ իր իրավունքները խախտվում են, դիմել է վարչական դատարան»:

Երևանի սրտում՝ Աբովյան փողոցի վրա, կիսակառույց մի շինություն կա։ Տեղեկատվական պաստառի վրա էլ նշված է՝ «Մուլտի գրուպի» պատվերով հյուրանոց է կառուցվում։ Ներսում պահակակետն էր.- «18 թվին է դադարեցվել, մեկ տարի ու կես»:

Երեկ Քննչական կոմիտեն հաղորդեց, որ այս գործով նախաքննությունն ավարտվել է, գործն էլ ուղարկվել է դատախազություն՝ մեղադրանքը հաստատելու։ Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ Գագիկ Ծառուկյանի ընտանիքի հետ առնչվող ընկերության ղեկավարը ստորագրություն է տվել երկրից չբացակայելու մասին։

Առուստամյանի փաստաբանի խոսքով` ապագա հյուրանոցի հատվածում բողոքից հետո Առուստամյանը չի դադարեցրել շինարարությունը, քանի որ ունեցել է թույլտվություններ։ Պնդում է՝ քաղաքապետարանը երկու անգամ տուգանել է «Մուլտի գրուպին»՝ ընդհանուր առմամբ 2.5 միլիոն դրամով։ Առուստամյանը, սակայն, չի վճարել տուգանքը և դիմել է դատարան։ Ընդ որում, առաջին ատյանի դատարանը եզրահանգել է, որ տույժերն ապօրինի են։

Երևանի քաղաքապետարանն իր հերթին որոշումը բողոքարկել է վերաքննիչ ատյանում։ Եվ քանի որ վարչական դատարանում դեռևս որոշում չկա, այս հարցով քրեական գործ չպետք է հարուցեին.- «Քանի որ վարչական ակտերն ուժի մեջ մտած չեն, բողոքարկված են, գտնվում են բողոքարկման փուլում, հետևաբար խոսք չի կարող գնալ քրեական հանցակազմի մասին»,- հավելեց Հովիկ Սուքիասյանը:

Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանն «Ազատության» հետ զրույցում պնդեց՝ բանուկ հատվածում գտնվող այդ կիսակառույցը ապօրինի է կառուցվել.- «Այստեղ կարծեմ կա նաև հարակից տարածքների զավթման խնդիր, եթե չեմ սխալվում, և այստեղ այսինքն` խախտումների մի համախումբ է, որը, ցավոք սրտի, բնորոշ է եղել նախկին տասնամյակների պրակտիկային, և սա բացառություն չի եղել: Այստեղ ուղղակի առանձնահատակություններից մեկն նա է, որ 2018 թվականի մայիս-հունիս ամիսներին թերևս կառուցապատողները, ենթադրելով, թե ինչ-որ անորոշություն է տիրում քաղաքական դաշտում, օգտվել են անորոշ իրավիճակից և արագացված տեմպերով գործողություններ են կատարել»:

Քաղաքապետարանի ներկայացուցիչը պնդում է՝ քաղաքային իշխանությունը «Մուլտի գրուպին» կենտրոնում հյուրանոց կառուցելու թույլտվություն չի տվել։ Նրանց է տրվել նախագծման առաջարկ միայն, բայց քանի որ բողոք է եղել, ընկերությունը պարտավոր էր սպասել, մինչև հարցերը կպարզվեին։

«Քաղաքը դրանով տալիս է իր համաձայնությունը, որ այդտեղ էդ հարկայնությամբ այդ ծավալների շինություն պետք է կառուցվի, բայց ըստ այդ փաստաթղթի հիման վրա արդեն պետք է կառուցապատողը ներկայացնի նախագիծ և ստանա շինարարության թույլտվություն, միայն շինարարության թույլտվությունն ստանալու պարագայում կարող է սկսվել ֆիզիկական շինարարական աշխատանք»,- նշեց Կարապետյանը:

Հենց այս շինության մասին էր խոսում Գագիկ Ծառուկյանը, երբ 2019-ի դեկտեմբերի 4-ին խորհրդարանում հայտարարեց, թե քաղաքապետ Հայկ Մարությանը չի տիրապետում տեղեկատվությանը՝ ցույց տալով մի փաստաթուղթ.- «ԱՊԶ-ն տված է 11 հարկի, հետին մասը՝ շարունակելի»,- ասել էր Ծառուկյանը։

Կարապետյանն այն ժամանակ էլ էր հայտարարել՝ դա նախագծման փաստաթուղթն է:

Գագիկ Ծառուկյանի հիմնադրած «Մուլտի գրուպի» գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանի անունը կապվում է նաև մեկ այլ՝ «Հյուսիս-հարավի» շինարարական ծրագրի հետ։ Նա մեղադրվում է կեղծ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու, առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու, ինչպես նաև փողերի լվացման համար։ Ըստ Քննչական կոմիտեի՝ 2008-2010 թվականներին տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնը զբաղեցրած Գուրգեն Սարգսյանը Առուստամյանի և այլ անձանց գործակցությամբ «Սթոնս» ընկերությանը իբր մատուցված ծառայությունների համար դուրս է գրել ընդհանուր 177 միլիոն դրամի կեղծ հարկային հաշիվներ։ Գումարի մեծ մասը փոխանցվել է Սեդրակ Առուստամյանին: