Քրեակատարողական համակարգը պատրաստ չի եղել կորոնավիրուսի տարածմանը, պնդում է դիտորդների խումբը

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկը, արխիվ

Հայաստանի քրեակատարողական համակարգը պատրաստ չի եղել նոր կորոնավիրուսի տարածմանը, Արդարադատության նախարարության կողմից վարակի տարածմանը խոչընդոտող քայլերը բավարար չեն՝ ասված է քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի հաղորդագրությունում։

Խմբի անդամ Նարե Հովհաննիսյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ մարտի 31-ին այցելել են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ՝ պարզելու, թե համավարակի կանխարգելման նպատակով ինչ աշխատանքներ են իրականացվում։

«Խնդիրը, որը որ արձանագրել ենք, արձանագրել ենք իրազեկման աշխատանքների հետ կապված: Այդ աշխատանքները պիտի հնարավորինս լինեն լայնամասշտաբ, և դեմ առ դեմ շփումը կանխելու նպատակով պետք է հնարավորինս փորձեն օգտագործել տեսակապի հնարավորությունը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը՝ շարունակելով. - «Բավարար չափով ապահովված չեն աշխատողները պաշտպանիչ միջոցներով՝ դրանք կլինեն դիմակներ, թե ձեռնոցներ»:

«Ճիշտ է, իրենք այդ վիրուսը կանխարգելելու նպատակով առավոտյան անվանականչը կազմակերպում են դրսում, որոշակի սոցիալական հեռավորություն պահպանում են միմյանցից՝ մեկուկես մետր, առավոտյան այդ դիմակները և ձեռնոցները կրում են: Բայց նախարարությունը պիտի քայլեր ձեռնարկի, որպեսզի այդ միջոցները աշխատողները ձեռք բերեն ոչ թե իրենց հաշվին, այլ նախարարությունը տրամադրի, տրամադրի պարտադիր բժշկական դիմակներ՝ ոչ միայն բուժաշխատողներին, այլ ընդհանրապես բոլոր աշխատողներին», - նշեց ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի անդամը:

Հովհաննիսյանը ներկայացրեց եզրակացությունը. – «Այդ աշխատանքները, որոնք որ արվում են, դեռևս բավարար չեն, կարիք կա, որպես այդ կանխարգելման աշխատանքները կրեն համակարգային, ավելի լայնամասշտաբ և շարունակական բնույթ, և կարող ենք նաև ասել, որ, այո, քրեակատարողական համակարգը պատրաստ չէր այս իրավիճակին»:

«Ազատության» խնդրանքով Արդարադատության նախարարության Քրեակատարողական և հակակոռուպցիոն քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանն արձագանքեց դիտորդների խմբի հաղորդագրությանը՝ նշելով, որ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող, խոչընդոտող աշխատանքները մեկնարկել են դեռ հունվարից, հիմնարկներ մատակարարվել են ախտահանիչ նյութեր, դիմակներ, ձեռնոցներ, ավելի ուշ արգելվել են տեսակցությունները։

«Թույլ տվեք չհամաձայնել դիտորդների խմբի ներկայացրած դիրքորոշման հետ, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի մակարդակով գոնե առանձին նշվել է քրեակատարողական հիմնարկին տրամադրված բժշկական պարագաների ցուցակը, ընդ որում՝ այդտեղ առկա են եղել և՛ ախտահանիչ նյութեր, և՛ բժշկական ձեռնոցներ, և՛ դիմակներ և այլ կանխարգելիչ միջոցներ», - հայտարարեց Սարգսյանը:

«Այս պահի դրությամբ, ամեն դեպքում, այն, ինչ որ հատկացվել է, դրանք բավարար են եղել, սակայն դա չի նշանակում, որ մենք սահմանափակվելու ենք միայն արդեն իսկ հատկացված միջոցներով», - վստահեցրեց պաշտոնյան:

«Մեկուսացման համար յուրաքանչյուր քրեակատարողական հիմնարկներում առնվազն մեկական խցեր են առկա, որպեսզի եթե անձի մոտ, օրինակ, հայտնաբերվի հնարավոր վարակի հետ կապված դեպք, ապա նա պարտադիր մեկուսացվի: Այս պահի դրությամբ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում երկու մասնաշենքերը՝ տուբերկուլոզային և նարկոլոգիական մասնաշենքերն ամբողջությամբ դատարկ են, ունեն մինչև 150 մահճակալային ֆոնդ, հզորություն, իրազեկման թերթիկներ ենք պատրաստել բազմալեզու, որոնք և՛ դատապարտյալների համար են, և՛ նաև աշխատակիցների համար են», - փոխանցեց Արփինե Սարգսյանը:

«Քրեակատարողական հիմնարկներում լիովին վերահսկելի իրավիճակ է», - ամփոփեց պաշտոնյան: