«Վարակի վերացումը խիստ կախված է մեզանից, մեր պահվածքից», - շեշտում է վարակաբանը

Կորոնավիրուսով վարակվածության աճը խիստ կախված է մեր վարքից, ասում է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի հեպատոլոգիայի բաժնի վարիչ, վարակաբան Հասմիկ Ղազինյանը:

Վարակաբանը Հրայր Թամրազյանի «Կիրակնօրյա վերլուծականի» հյուրն էր:

Ստորև՝ հատված հարցազրույցից.

Հասմիկ Ղազինյան. – Մեր վարակվածությունը միջինից մի փոքր ավելի ցածր է: Բայց ինձ՝ որպես բժիշկ, ոչ այնքան վարակվածության ցուցանիշներն են հետաքրքրում, այլ՝ մահացության դեպքերը. Դուք տեսնում եք, որ այն կանգնել է 7 թվի վրա: Մեկ անգամ ևս, օգտվելով առիթից, ցավակցում եմ բոլոր մահացածների հարազատներին: Հիմնականում եղել են ռիսկի խմբից, այսինքն՝ տարիքով պացիենտներ, որոնք ունեցել են ելքային այս կամ այն քրոնիկ հիվանդությունները: Այնպես որ, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում 80 տոկոս ավելին ընթանում է մեղմ ախտանիշներով կամ նույնիսկ առանց ախտանիշների, 15 տոկոսը ընթանում է ծանր ախտանիշներով, բարդացված թոքաբորբով, միայն 5 տոկոսն է, որ գնում է կրիտիկական ծանր: Մեզ մոտ, բարեբախտաբար, կրիտիկական ծանրերի թիվը քիչ է, և, բարեբախտաբար, մահացությունը վերջին մի քանի օրերին մնում է նույն թվերի վրա, և սա արդյունք է մեր առաջին գծի իմ գործընկերների անձնուրաց և 24-ժամյա քրտնաջան աշխատանքի:

Մենք գործ ունենք մի համավարակի հետ, մի պանդեմիայի հետ, գիտե՞ք որն էր իր առաքելությունը՝ իր առաքելությունն էր ինֆեկցել աշխարհի ազգաբնակչության 80 տոկոսին, Դուք կարո՞ղ եք դա պատկերացնել, և իր առաքելությունն էր մահացությունը հասնել 46 միլիոնի: Սա առաքելություն էր, որի համար կորոնավարակը եկել էր և մարտահրավեր էր նետել աշխարհի ազգաբնակչությանը:

Այնպես որ, ամեն մի ինֆեկցիա ունի իր կորը, կորագիծը, որը բաղկացած է վերելքից, գագաթից և վայրէջքից: Այո, ընթանալով այսպես և արձանագրելով վերոհիշյալ թվերը, իսկապես, մենք դեռ վերելքի շրջանում ենք, բայց այս վերելքը և ինֆեկցիայի վերացումն ու էլիմինացիան խիստ կախված է մեզանից, մեր պահվածքից: Պատահական չէ կարանտինային օրենքների մտցնելը աշխարհի շատ երկրներում, այդ թվում և՝ Հայաստանի Հանրապետությունում: Թվերի աճը խիստ կախված է մեր պահվածքից, մեր ըմբռնումից, հասկանալով՝ ինչի հետ մենք գործ ունենք. մենք գործ ունենք մի վարակի հետ, որը թույլ է տվել իրեն համարել համավարակ, այսինքն՝ սա աշխարհի առավել քան 190 երկրներում է արձանագրվել:

Եվ իմ կարծիքով, որպես ինֆեկցիոնիստ, լրիվ համամիտ եմ պարոն [առողջապահության նախարար Արսեն] Թորոսյանի կանխորոշումներին, ելնելով ինֆեկցիայի՝ որպես այդպիսին, և ինֆեկցիայի զարգացումից, իմ կարծիքն է, որ մինչև ապրիլի վերջը մենք կունենանք վերելք, որից հետո, ընդամենը ես ասում եմ իմ կարծիքը, որից հետո այն արդեն կգտնվի կորի վայրէջքային ուղղության վրա:

«Ազատություն». – Ապրիլի վերջին երևի 2 հազարը կանցնի, այդպես չէ՞, եթե այդ հաշվարկով գնանք:

Ղազինյան. - Ես կարծում եմ: Ըստ պարոն Թորոսյանի՝ ամսի 7-ի տվյալներով պետք է լինի մոտ հազար, ամսի 14-ին՝ երկու անգամ կրկնապատկված: Հուսանք, որ համեմատաբար մեղմ կլինի...

«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի ապրիլի 5-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.