Նոր կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում այս գիշեր հատեց մեկ միլիոնի շեմը։ Անցած 24 ժամում միայն նոր դեպքերն ավելացել են մոտ 80 հազարով։ Մահացել է ավելի քան 53 հազար մարդ։
Վիճակագրությունը միաժամանակ փաստում է, որ վարակը գնալով ավելի արագ է տարածվում։ Եթե արձանագրված մեկ միլիոն դեպքերի կեսը հայտնաբերվել էր 76 օրում, ապա երկրորդ 500 հազարին մարդկությունը հասել է ընդամենը 8 օրվա ընթացքում։
Վարակակիրների կեսը Եվրոպայում է, մեկ քառորդը՝ Միացյալ Նահանգներում։ Չինաստանը, որտեղ սկիզբ էր առել համաճարակն անցած տարեվերջին, այժմ վեցերորդն է վարակակիրների թվով։ Երեկ Չինաստանից առաջ անցավ նաև Գերմանիան, որտեղ անցած մեկ օրում վարակի ավելի քան 6 հազար դեպք է արձանագրվել՝ ընդհանուր ցուցանիշը հասցնելով 84 հազարի։ Դաշնային Հանրապետությունում սկսել են արդեն խիստ միջոցներ կիրառել կարանտինը խախտողների նկատմամբ: Բավարական Լանդսհուտ քաղաքի 27-ամյա բնակիչներից մեկը, օրինակ, մեկշաբաթյա կալանքի է դատապարտվել սոցիալական հեռավորությունը չպահպանելու և ընկերների հետ գինարբուք կազմակերպելու համար:
«Վիրուսը նենգ է և պահանջում է շատ ավելի մեծ ուշադրություն», - այսօր հայտարարել է համապետական տվյալներն ամփոփող կենտրոնի`Ռոբերտ Կոխի ինստիտուտի ղեկավար Լոթհար Վիելերը` հորդորելով գերմանացիներին դիմակներ կրել հանրային տրասպորտում, խանութներում և այն վայրերում, որտեղ դժվար է պահել սոցիալական հեռավորության նորմերը:
«Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ Covid-19-ով վարակված որոշ մարդիկ այնքան թեթե ախտանիշներ են ունենում, որ չեն էլ նկատում դրանց առկայությունը: Ոմանք ընդհանրապես որևէ ախտանիշ չեն ունենում, բայց տարածում են վարակը», - հայտարարել է գերմանացի փորձագետը:
Համաճարակի էպիկենտրոնը դարձած Իտալիայում և Իսպանիայուն նոր դեպքերի թիվը մի քանի օր է` աննշան, բայց նվազում է, սակայն մահվան ցուցանիշները մնում են շատ բարձր։ Երեկ Իսպանիայում 900-ից ավելի մարդ է մահացել, ընդհանուր ցուցանիշն անցել է 10 հազարից, Իտալիայում՝ 13 հազարից։
Մադրիդի ամենամեծ կառույցներից մեկը՝ Համագումարների կենտրոնը, որն ամիսներ առաջ հյուրընկալել էր կլիմայի փոփոխություններին նվիրված համաշխարհային գագաթնաժողովը, այժմ վերածվել է հարյուրավոր մահճակալներով դաշտային հոսպիտալի։
Մեծ Բրիտանիայում դաշտային հոսպիտալների կառուցմանը բանակն է միացել. Լոնդոնի հսկայական`400.000 քառակուսի մետրանոց ExCeL կենտրոնը ընդամենը ինն օրում վերածվել է դաշտային հոսպիտալի:
«Մենք ցույց տվեցինք, որ ճգնաժամի պահին կարող ենք միավորվել», - բացմանը հայտարարել է Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարը Մեթ Հենքոքը: - «Սա Մեծ Բրիտանիայի, գուցե նաև` աշխարհի ամենամեծ հիվանդանոցն է`չորս հազար մահճակալով: Իհարկե, որևէ մեկը չէր ցանկանա նման իրականության բախվել, բայց դրա բացումը ծայրահեղ անհրաժեշտ է, որպեսզի մենք վստահ լինենք, որ յուրաքանյուր վարակակիր կկարողանա ստանալ անհրաժեշտ բուժօգնություն»:
Ֆրանսիայում ևս անցած մեկ օրում մահացության ռեկորդային աճ է արձանագրվել՝ ավելի քան հազար մահ։ Իշխանությունները քննարկում են ավելի խիստ սահմանափակումներ մտցնելու՝ մասնավորապես Զատիկի օրերին տեղաշարժը արգելափակելու հնարավորությունը։
Ընդ որում, սահմանափակումների են անցնում նաև այն երկրները, որոնք մինչև հիմա փորձում էին վարակի դեմ այլ ռազմավարություն որդեգրել: Դրանցից մեկը Սինգապուրն էր, որտեղ մինչև օրս բաց էին դպրոցներն ու խանութները: Իշխանությունները, սակայն, այսօր հայտարարեցին, որ այլևս չեն կարողանում վերահսկել վարակի տարածումը և ստիպված են անցնել խիստ միջոցների:
«Առաջիկա երկուշաբթիից կփակվեն դպրոցները, զվարճանքի ու ժամանցի վայրերը», - այսօր հայտարարել է երկրի վարչապետը: - «Նախ, մնացեք տանը, երկրորդ, խուսափեք ձեր ընտանիքից դուրս շփումներից, մի այցելեք անգամ ձեր բարեկամներին, որոնք ձեզ հետ միևնույն տանը չեն բնակվում, հատկապես եթե նրանք տարեց են, կամ խոցելի խմբում են: Երրորդ, տանից դուրս եկեք միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, դուրս գալիս էլ պահպանեք անվտանգ հեռավորության կանոնները»:
Արդեն երրորդ ամիսը տարածվող վարակի պատՃառով աշխարհի ավելի քան յոթ միլիարդ բնակչության կեսն այս պահին ապրում է այս կամ այն տեսակի կարանտինի պայմաններում, իննսուն տոկոսից ավելին զրկված է ճամփորդելու հնարավորությունից, միլիոնավոր երեխաներ անցել են հեռավար ուսուցման: ՅՈՒՆԵՍԿՈ-ի տվյալներով, աշխարհի ավելի քան 180 երկրում դպրոցներն ու համալասրանները փակ են:
Համաճարակի դեմ պատվաստանյութ կամ դեղամիջոց դեռ գտնված չէ: Մի շարք երկրներում, սակայն, այդ թվում Միացյալ Նահանգներում, Գերմանիայում և Չինաստանում կան որոշակի հուսադրող արդյունքներ: Ըստ մասնագետների, դրանց կլինիկական փորձարկումների համար կպահանջվի ևս մի քանի ամիս: Իսկ պատվաստանյութը կարող է հայտնվել լավագույն դեպքում մեկ-մեկուկես տարի անց: