Հայաստանում կորոնավիրուսով վարակվածի մահվան 7-րդ դեպքը գրանցվեց

Շտապ բուժօգնության ավտոմեքենա «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի մոտ, արխիվ

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածի մահվան 7-րդ դեպքը գրանցվեց: Ինչպես հաղորդում է Առողջապահության նախարարության մամուլի քարտուղարը, դեպքն արձանարգվել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում:

«76-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ։ Բացի այդ, կինն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ շաքարային դիաբետ, զարկերակային հիպերտոնիա», - Ֆեյսբուքում գրում է Ալինա Նիկողոսյանը:

Հինգշաբթի օրը Առողջապահության նախարարությունը հաղորդել էր կորոնավիրուսային հիվանդությամբ ևս 2 պացիենտների մահվան մասին:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նույն օրն ավելի վաղ հայտնել էր, որ ծայրահեղ ծանր է պացիենտներից 5-ի վիճակը:

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը ապրիլի 2-ի ժամը 11-ի դրությամբ 663 է, նրանցից բուժվել են 33-ը: